Արմենն այն մարդկանցից մեկն է, ով հայկական անձնագիր էր հանել, որպեսզի բոլորի նման Ռուսաստան խոպան գնա, բայց կորոնավարակի պատճառով չի կարողացել, որովհետև փակվել են սահմանները: Նա կատակով նշում է, որ կորոնավարակն է իր փոխարեն որոշում կայացրել: Արմենն այն եզակիներից է, ով կարողացել է 2020 թվականին խոպան գնալ, բայց արդեն Եվրոպա:

Եվրոպա՝ այստեղ խոպան չէ, այլ «հանգստյան գոտի»

Ախալքալաք, 2020 թվականի օգոստոս ամիս, Արմենը տաքսի է քշում, սովորականի նման հերթական զանգն է ստանում: Ընկերն էր, հարցնում էր կարո՞ղ է իրեն Թբիլիսիի օդանավակայան տանել: Միանգամից, առանց մտածելու նա համաձայնվում է:

Զանգի երկրորդ օրն արդեն օդանավակայանի ճանապարհին էր: Ճանապարհը երկար է, խոսելու ժամանակը՝ նույնպես: Ընկերների միջև խոսակցություն է սկսվում: Խոսքի մեջ ընկերն ասում է՝ եթե գործ լինի, կգա՞ս աշխատելու: Արմենը գլխով է անում, որպես համաձայնության նշան, չմտածելով, որ մեկ ամիս անց Եվրոպայում աշխատելու իրական հրավեր կստանա:

«Ընկերոջս և իր տղային Թբիլիսիի օդանավականից ճանապարհեցի Հոլանդիա, նրանք գնում էին աշխատելու: Ճանապարհին զրուցեցինք, ասաց՝ եթե գործ լինի կանչեմ, կգա՞ս, ասացի՝ հա: Մի ամիս էլ չէր անցել, զանգեց՝ թե գործ կա կգաս, առաջին վայրկյաններին անակնկալի եկա, հետո արդեն հաստատ որոշեցի, տոմս գնեցի և հոկտեմբերին արդեն Հոլանդիայում էի»,- պատմում է Արմեն Մանվելյանը:

Կորոնավիրուսն Արմենի համար խնդիրներ չի առաջացրել, ընդհակառակը՝ եզակի հնարավորություն է ստեղծել: Կես կատակ, կես լուրջ ասում է՝ հենց կորոնավիրուսը որոշեց, որ Ռուսաստանի փոխարեն Եվրոպա գամ խոպան:

1

Արմեն Մանվելյանը 1100 լարի տոմսի, 200 լարի թեստի համար վճարելով, առանց ավելորդ քաշքշուկի կարողացել է հասնել Հոլանդիա: Չնայած այն հանգամանքին, որ միշտ մտածել է Ռուսաստան գնալու մասին:

«Միշտ ուզում էի Ռուսաստան գնալ, բայց չէի կարող քանի-որ անձնագիրս վրացական է: Նույնիսկ գնացի հայկական անձնագիրս ներս տվեցի, այն պատրաստ Երևանում է, բայց կորոնավիրուսը եկավ ու փակեց սահմանները, չկարողացա անձնագիրս վերցնել, դրա համար Եվրոպա եկա»,- ասում է Արմենը, ով արդեն 4-րդ ամիսն է Եվրոպայում է գումար վաստակում ընտանիքի ծախսերը հոգալու համար:

Արմենը երկու ամիս Հոլանդիայում աշխատելուց հետո, բարեկամի առաջարկով տեղափոխվել է Բելգիա: Չի դժգոհում, ասում է միակ խոչընդոտը, որին առնչվել է, դա լեզվի չիմացությունն է:

«Այստեղ ֆրանսերեն է, ու հոլանդերեն: Ինչպես եմ ես շփվո՞ւմ, ասեմ՝ այստեղ ոչ ռուսերեն են հասկանում, ոչ էլ հայերեն: Դե որոշ բաներ արդեն սովորում ես, տարրական շփման համար, այստեղ Ախալքալաքի նման չէ, որ խանութ մտնես ու ասես ինչ ես ուզում, սուպերմարկետ է, զամբյուղով հավաքում ես ինչ քեզ պետք է ու վճարում, մերսի ասում ու հեռանում»,- ասում է Արմենը:

Մեր դիտարկմանը, թե լեզվին չտիրապետելով, ինչպես է ռիսկի դիմել ու Եվրոպա գնացել, Արմենի պատասխանը հստակ էր. «Ինչից վախենայի: Մեր մոտից, որ տղաները գնում են Ռուսաստան խոպան լեզուն գի՞տեն, «դա», «նետ» գիտեն ու վերջ»:

Արմեն Մանվելյանը նշում է, երեք ամսից ավելի չես կարող մնալ Եվրոպա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված որոշ զիջումների են գնում, այսինքն՝ չեն արտաքսում: Մեր հերոսը որոշել է օգտվել այդ հնարավորությունից, փաստաթղթերն է պատրաստում, որ ավելի երկար մնա Եվրոպայում:

«Ես մնալու եմ, արդեն փաստաթղթերս տվել եմ, որ վիզա ստանամ, հետո «card papida» կհանեմ, որով կկարողանամ երեք տարի ազատ մնալ, գնալ-գալ, այսինքն՝ խնդիր չի լինի, որի շնորհիվ կկարողանամ եվրոպա ազատ շրջագայել, աշխատել»:

MyCollages (1)
Արմենի աշխատանքը

Ինչպես Հոլանդիայում, այնպես էլ Բելգիայում իր հայ ընկերների հետ վերանորոգման աշխատանքներ է անում: Աշխատանքից գոհ է, եթե մշտական գործ լինի, ամսական միջինը 1500 եվրո կկարողանա տուն ուղարկել:

«Ռուսաստանի համեմատ 100 անգամ ձեռնտու է, եթե նորմալ աշխատես ամիսը կարող ես 1500 եվրո տուն ուղարկել: Հետո էլ աշխատանքը հեշտ է, այստեղ տոները տոն են, շաբաթ-կիրակի՝ հանգստյան օր, ոչ աշխատանքային ժամը՝ ոչ աշխատանքային, դրա համար ասում եմ, սա խոպան չէ, այլ հանգստավայր, աշխատում ես ընդամենը առավոտյան ժամը 9:30-ից մինչև երեկոյան 18:00-ն»:

Որդու հետքերով դեպի Եվրոպա

MyCollages
Քաղաք Լոց

Ընդամենը երկու տարի առաջ Գոհար Մելիքյանի որդին ինտերնետով Լեհաստանում աշխատանքի հրավեր է ստանում:

Սկզբից, 4 ամիս աշատել է կարի ֆաբրիկայում, հետո փոստում է աշխատել, մի քիչ ամրապնդվել, հիմա արդեն սեփական բիզնեսն է հիմնել՝ գրասենյակ է բացել և զբաղվում է փաստաթղթերի հարցերով:

Երեք ամիս առաջ, տիկին Գոհարը որդու մոտ է գնում, Ամանորը միասին՝ Լոց քաղաքում, տոնելու նպատակով: Նեղվում է, որ տանը պարապ է, որոշել է ժամանակն օգտագործել՝ լեհերեն է սովորում: Ինչպես նաև փաստաթղթերն է ներս տվել:

«Արդեն դպրոցում գրանցվել եմ, որ լեհերեն սովորեմ, հիմա օնլայն եմ սովորում, օրական մի ժամ հատկացնում եմ լեհերնին»,- ասում է 49-ամյա կինը, ընդգծելով, որ իր տարիքում մի քիչ դժվար է նոր լեզու սերտելլ, բայց նա սովորում է:

Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հաղորդակցական մակարդակի լեհերեն սովորել, ասում է՝ միակ դժվարությունն այստեղ լեզուն է, այն իմանալու դեպքում աշխատանք ճարելը շատ հեշտ է:

Գոհարն ու իր որդին դեռ վարձով են ապրում Լոց քաղաքում, այստեղ մոտավոր 4000 հայ է բնակվում, հասցրել է ծանոթանալ մի քանիսի հետ, մեկ-մեկ իրեն են հյուր գալիս, մեկ-մեկ էլ ինքն է գնում: Վերջինս պատմում է, որ Ախալքալաքից իր հետ երկու կին է գնացել Լեհաստան աշխատելու:

«Տղայիս օգնությամբ եկան, ժամավարձով են աշխատում, չեն դժգոհում, տարբեր աշխատանք են անում՝ փաթեթավորում և նամակագրություն», – ասում է Գոհար Մելիքյանը:

Գոհարի տղան 25 տրաեկան է: Մայր ու որդի ծրագրում են աշնանը վերադառնալ Վրաստան: Տղան պետք է ամուսնանա, հարսանիք անեն, հետո արդեն կորոշեն հիմնական բնակության վայրը:

Գոհարը Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի մանկապարտեզի մենեջերն է, գործից չի դժգոհում, ուզում է հնարավորինս արագ վերադառնալ իր տուն, բայց որդու հանգամանքն անտեսել չի կարող, քանի դեռ որդին մենակ է, նա կմնա մոտը:

Եվրոպայում խոպանն արդիական է դառնում Ախալքալաքում: Արդեն կան եզակի պատմություններ: Մարդիկ, ովքեր Եվրոպա են գնում գումար վաստակելու՝ իրենց հետ տանելով ուրիշներին: Եթե նախկինում աշխատանքն արտասահմանում միանշանակ նշանակում էր Ռուսաստանում, հիմա արդեն այդպես չէ:

Աղունիկ Այվազյան