Բարձրագահ Աբուլն ու Մթին սարերը, նույն ինքը՝ Աբուլ-Սամսարյան լեռնաշղթան Ջավախքի այցեքարտերն են։ Աբուլ լեռը շատերին է հայտնի, առավել շատ արկածախնդիր լեռնագնացներին, իսկ Սամսարի լեռնաշղթան չբացահայտված գեղեցկություն է թերևս մեզանից շատերի համար։

1

Սամսար լեռը ծովի մակերևույթից գտնվում է 3 285 մետր բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, լեռան մեծ մասը ծածկված է ժայռերով, որոնց խորքից հոսում են սառնորակ աղբյուրներ, իսկ գագաթից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան։

2

Հեռվում փռված են Բակուրիանիի անտառները, Տաբածղուրի լիճը, անզեն աչքով կարող եք տեսնել Կովկասյան լեռնաշղթան, Կազբեկը, Բիբլիական Արարատը, եթե որոշեք գիշերել կնկատեք նաև Թբիլիսիի լույսերը, իսկ աշնանը, երբ հորիզոնը մաքուր է հեռադիտակով կարող եք տեսնել նաև Սև ծովը։

3

Աբուլ-Սամսարյան լեռնաշղթայի մի մասն են կազմում Մեծ և Փոքր Քյորօղլիները, Մեծ Քյորօղլու գագաթին, ժայռերի մեջ Քյորօղլու թաքստոցն է եղել, որը հիմա ուխտատեղի է դարձել։ Սամսար գյուղի բնակիչիները պատմում են, որ տարիներ առաջ Սամսար գյուղից մի ծեր կին երազի հիման վրա գտել է այս սուրբը, մեծ դժվարությամբ ժայռերից մագլցելով հասել է այնտեղ, երբ ուխտավորը հասնում է Սրբի դուռը մոմերը սկսում են բոցավառվել։

4

Քյորօղլու Սրբից մի փոքր ներքև քարե փոքր շինություններ են: Ավանդազրույցի համաձայն՝ այստեղ եղել են Քյորօղլու ախոռները։

Լեռան ստորոտին է գտնվում «Ծուռ գելը», փոքրիկ լճակն ունի բյուրեղյա մաքրություն և անկրկնելի գեղեցկություն, լճակի մյուս կողմում Փոքր Քյորօղլին է, որը պատված է արծվաբներով։

6

Սամսարի լեռնաշղթան հարուստ է նաև կենդանական և բուսական աշխարհով։

«Ամեն տարի օգոստոս ամսին հասնում է մեր սարի բարիքները, հարսներով հավաքվում և գնում ենք սար հապալաս, ազնվամորի հավաքելու, չկա այնպիսի տարի, որ գոնե մի քանի անգամ չբարձրանանք սար, հավաքում ենք հատապտուղները և պահում ձմեռվա համար, այն շատ օգտակար է, օգտագործում ենք գրիպի և մրսածության ժամանակ։ Մենք կորոնավիրուսն էլ կհաղթահարենք մեր մուրաբաներով», – պատմում են գյուղի հարսները։

Samsar

Վերջին տարիներին գյուղացիները սարերում սկսել են նկատել գիշատիչ կենդանիներ՝ արջ քոթոթներով, վարազ, եղնիկ, գայլ և շնագայլ, վերջերս շնագայլեր տեսել են նաև գյուղում, իսկ ձայները լսում են ամեն երեկո մութն ընկնելուն պես։ Կանայք արդեն վախենում են միայնակ գնալ սար, գնում են միայն մեքենաներով և տղամարդկանց ուղեկցությամբ, հավաքում են հատապտուղը և վտանգի դեպում արագ վերադառնում գյուղ:

7

Սամսար լեռան բարձունքին է գտնվում Սարի Սուրբ Նշանը, որը կառուցվել է 1983 թվականին Սարգիս (Սամ-Սար-Գիս) Նահապետյանի կողմից: Սարգիսը շատ մեծ հավատ ունի Աստծու նկատմամբ, նրա տան հարևանությամբ գտնվող մատուռում է գտնվում 19-րդ դարում Էրզրումից բերված Սուրբ Հմայիլն ու Նարեկը։ Սարի Սուրբ Նշանը նա կառուցել է մոր խնդրանքով, մինչ այդ այնտեղ մենակ խաչքար է եղել։ Նա միայնակ վեր է բարձրացրել շինանյութերը, ինչը առաջին հայացքից անհնար է թվում, տաշել է ահռելի ժայռերը և մեկ ամսվա ընթացքում կառուցել է այս փոքրիկ մատուռը, որն այժմ շատ շատերի համար ուխտատեղի է։

Մատուռի ձախ կողմում, լեռան գագաթին մի ահռելի ժայռ կա, տեղացիները պատմում են, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939թ) ինքնաթիռ է հարվածել, այդ պատճառով գյուղացիները լեռան այս հատվածն անվանում են «Սամալյոտի զարկածը»։

«Դեպքից երկար տարիներ է անցել, հայրս պատում էր, որ փոքր բեռնատար ինքնաթիռ է եղել, միս է տեղափոխել, հավանաբար պետք է Թբիլիսի գնար, օդաչուն մենակ է եղել ինքնաթիռում, երբ այստեղով է անցել մթի և մառախուղի պատճառով լեռները գրեթե անտեսանելի են եղել և չի նկատել ժայռը։ Բարեբախտաբար օդաչուին բան չի պատահել, սարերից իջել է և հեռվում Բեժանո գյուղում լույս է նկատել, գնացել է մինչև այնտեղ, իսկ առավոտյան գյուղացիները օգնել են նրան և ուղարկել Թբիլիսի։ Իսկ վթարված ինքնաթիռի շարժիչը մինչև վերջին տարիները լեռան գագաթին էր, հիմա չկա այն երևի գլորվել է սարի հետևը», – պատմում է Փոքր Սամսար գյուղի բնակիչներից մեկը։

8

Սամսար լեռը շատերին կհիացնի իր բազում գաղտնիքներով հարկավոր է միայն այցելել այստեղ և սեփական աչքերով տեսնել Ջավախքի գեղեցկությունը։

Վարդուհի Կուրղինյան