Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի քաղաքացիների թիվն այս պահի դրությամբ կազմում է ավելի քան 931,1 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն:
Նրա խոսքով, մասնավոր սեկտորից բացառիկ մասնակիցների թիվը 761 828 է, իսկ պետականից՝ 218 687:
Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործարկվել է 2019 թվականի հունվարի 1-ից:
Ըստ մշակված սխեմայի, տարեկան 24 հազար լարիից (մոտ 9 հազար դոլար) պակաս անվանական եկամտի դեպքում, քաղաքացու կենսաթոշակային հաշվին կփոխանցվի իր աշխատավարձի 6%-ը, 2%-ը կվճարի անձամբ, 2%-ը` իր գործատուն և ևս 2% պետությունը: 24 հազարից մինչև 60 հազար լարի տարեկան աշխատավարձի (մոտ 23 հազար դոլար) դեպքում պետությունը կփոխանցի ընդամենը 1%:
«2019 թվականի հունվարի 1-ից այդ համակարգին միացել է 60 հազար 134 մասնավոր ընկերություն: Ըստ վերջին տվյալների՝ Կենսաթոշակային ֆոնդի գումարը կազմում է 450 միլիոն 474 հազար 703 լարի (ավելի քան 151,6 միլիոն դոլար), իսկ կուտակված շահույթը` 13 միլիոն 271 հազար 612 լարի (ավելի քան 4,4 միլիոն դոլար)», – հայտարարել է Սուրգուլաձեն:
Վերջինիս խոսքով, մինչ 2019 թվականի վերջն ակնկալվում է 0,5 միլիարդ լարի գումարի մոբիլիզացում:
Սուրգուլաձեն կարծում է, որ Վրաստանում կուտակային կենսաթոշակային բարեփոխումը հաջողությամբ է ընթանում:
«Կուտակային կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսակետից: Մենք պետք է ակնկալենք տնտեսական արդյունավետության առաջիկա տարիներին, իսկ ֆինանսական տեսանկյունից այս բարեփոխումը պետք է ապահովի մեր քաղաքացիների ֆինանսական կյանքը կենսաթոշակային տարիքում», – հայտարարել է Սուրգուլաձեն:
Կենսաթոշակային նոր համակարգը մասամբ պարտադիր է: Այն պարտադիր է միայն նրանց համար, ում 40 տարեկանը դեռ չի լրացել: Մնացածներն ընտրության իրավունք ունեն:
Հունիսի վերջին կուտակային կենսաթոշակային համակարգից դուրս եկողների թիվը կազմել է գրանցվածների ընդհանուր թվի մոտ 10%-ը:
Կենսաթոշակային ֆոնդից հայտնում են, որ բարեփոխումն ունի երկու հիմնական նպատակ: Դրանցից մեկը երկարաժամկետ է և ներառում է կենսաթոշակային տարիքի քաղաքացիների ֆինանսական ապահովումը, որպեսզի նրանք արժանապատիվ կյանքի հնարավորություն ունենան: Երկրորդը՝ տեղական շուկայի կապիտալի զարգացումն է: