Վերջապես փոխվում է Երևանյան փողոցում գտնվող թիվ 53 բազմահարկ շենքի վթարային տանիքը, բայց վերանորոգման մեջ փողրակներ նախատեսված չեն: Շինարարները արդարանում են, որ նախագծով նախատեսված չէ, նախագծողն ասում է, որ ամեն ինչ արել է ըստ պատվերի: Պատվիրատուն՝ քաղաքապետարանը, ասում է, որ նախագիծը հաստատվել է անկախ փորձագիտական «Խրիզոլիտ» կազմակերպության կողմից, բայց …
Երևանյան փողոցի թիվ 53 տան բնակիչները բողոքում են, որ տանիքը վերջապես կառուցվում է, բայց առանց փողրակների: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ կլինի հորդառատ անձրևների ժամանակ, և գուշակում են, թե որտեղից կթափվի ջուրը նրանց վրա, կամ որտեղից կկախվեն սառցալեզվակները:
Առանց փողրակների կառուցվում է ոչ միայն թիվ 53 տան տանիքը, այլև Ազատության փողոցում գտնվող թիվ 97 տունը: Ախալքալաքի մունիցիպալիտետն այս շենքերի տանիքների վերականգնման նախագիծ կազմելու համար 2019 թվականի հուլիսի 19-ին հայտարարել էր տենդեր-մրցույթ, այդ աշխատանքի համար հատկացնելով 1250 լարի: Մրցույթը շահել էր ՍՊԸ «Դ-Մ»-ն:
Jnews- ը փորձեց պարզել, թե մինչ շինարարությունը որ փուլում են փողրակները անտեսվել:
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Մագդա Ամիրշադյանը մեզ բացատրեց, որ նախագծողն ինքը, չափորոշիչների համաձայն, պետք է կազմի նախագիծը:
«Նախագծողն ինքը պետք է որոշի, մենք տալիս ենք տեխնիկական առաջադրանք, մենք պատվեր ենք տալիս, մոտավոր տվյալներ: Հետո, քանի որ «Խրիզոլիտը» ամեն ինչ ստուգում է, արդեն նա է պատասխանատվությունը վերցնում իր վրա: Քանի որ նրանք վերահսկում են, մենք չենք ստուգում: Մենք սկսում ենք որևէ բան անել «Խրիզոլիտի» եզրակացության հիման վրա՝ եզրակացությունը ստանալուց հետո », – ասում է Մագդա Ամիրշադյանը:
նախագծող Կոբա Նադիրաձեն մեզ հեռախոսազրույցով պատասխանեց հետևյալը.
«Պետք է դիմեք քաղաքապետարան, այնտեղ կան համապատասխան անձինք, նրանք կպատասխանեն ձեզ: Ես կատարել եմ պատվերը և հանձնել այն: Ինչպիսին պատվերն է եղել, այնպիսի նախագիծ էլ կատարվել է: Բոլոր մանրամասները պարզեք նրանց հետ, այս նախագծի հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել պատվիրատուին», – պատասխանեց Կոբա Նադիրաձեն:
Թիվ 53 շենքի տանիքի վերականգնման մրցույթը շահել է անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը: Մունիցիպալիտետը վերականգնման համար հատկացրել է 50 645 լարի, Չոլախյանը շահել է մրցույթը 43 999 լարիի չափով:
Նա ասում է, որ կառուցում է այնպես, ինչպես նախատեսված է նախագծով և նախահաշվարկով, իսկ այն հարցին, թե հնարավոր է տանիքի վերականգնումն առանց փողրակների, նա պատասխանեց հետևյալ կերպ.
«Ես չեմ կարող կառուցել այն, ինչ նախատեսված չէ նախագծով, իսկ նախագծում չկան փողրակներ: Ինձ մի տվեք այդ հարցերը: Ես աշխատում եմ ըստ տեխնիկական նախագծի, ես իրավունք չունեմ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, իսկ հին փողրակները հնարավոր չէ դնել, քանի որ դրանք փտած են: Մինչև փաստաթղթեր չլինեն, ես ոչինչ չեմ կարող փոխել », – ասաց Սերգեյ Չոլախյանը:
Ազատության փողոցում գտնվող թիվ 97 շենքի տանիքի վերականգնման մրցույթը շահել է «Դեգո» ՍՊԸ-ն 38 700 լարիի չափով, նախնական 45 251 լարի գումարի պայմաններում:
ՍՊԸ «Դեգո» -ն, որը կառուցում է 97 շենքի տանիքը, թողել է հին փողրակները:
ՍՊԸ «Դեգո» -ի տնօրեն Գոչա Դեկանաձեն ասում է.
«Փողրակներ նախատեսված չեն: Ես գնացել եմ քաղաքապետարան և բացատրել, որ առանց փողրակների չի լինի, և իմ հայեցողությամբ հները թողեցի: Դա պետք է նախահաշվի մեջ նախատեսված լիներ, բայց այնտեղ չկա: Ես ասացի, որ առանց փողրակների սա գործ չի, ես շինարար եմ, չեմ կարող որևէ մեկին դատապարտել և մեղադրել, ասացին, որ նրանք երևի սխալվել են », – Jnews- ի հետ զրույցում ասաց Գոչա Դեկանաձեն:
«Խրիզոլիտ» անկախ փորձագիտական կազմակերպության տեխնիկական տնօրեն Մուրադ Ախվլեդիանին ասաց, որ փողրակների տեղադրումը կախված է բազմաթիվ գործոններից:
«Եթե շատ ձյուն է տեղում այնտեղ և սառնամանիք է նախատեսվում են տարբեր տարբերակներ: Այս որոշումը պետք է ընդունվի նախագծողների հետ համատեղ, այս հարցը պետք է համատեղ լուծվի, նրանք պետք է քննարկեին և նախագծող կազմակերպությունը պետք է ընդունի այն տարբերակը, որն ընդունելի է», – ասաց Մուրադ Ախվլեդիանին:
Ըստ նրա, «Խրիզոլիտը» գնահատական է տալիս ոչ թե նրան, թե որքանով է նախագիծը ճիշտ կազմված և համապատասխանում շինարարության նորմերին, այլ գնահատում է, թե կազմված նախագիծը համապատասխանում է պատվերին, թե ոչ:
«Խրիզոլիտը ստուգում է նախագիծը, թե համապատասխանում է արդյոք այն հանձնարարողների առաջադրված պայմաններին, համապատասխանում է այն առաջադրանքին, թե ոչ: Ցավոք, հանձնարարությունները հաճախ ամբողջական չեն, մենք դա մի քանի անգամ քննարկել ենք: Ցավոք,նախագծային կազմակերպությունները նորմալ չեն կարողանում նախագծեր կազմել, պատվիրատուների պայմաններով: Կարելի է այս դեպքում շտկել նախագիծը և չնախատեսված ծախսերով փողրակները տեղադրել»,- պատասխանեց փորձագիտական կազմակերպության տեխնիկական ղեկավարը:
Արդյունքում, կրկին նախատեսված չէ մի փոքրիկ դետալ, որն անհրաժեշտ է և շատ ավելի լավ արդյունք կտար: Այրդյոք կստանձնեն այս սխալը շտկել, ցույց կտա ժամանակը: