Ախալքալաքի բազմահարկ շենքերի բնակիչները դժգոհում են, որ ձմռան շրջանում ջուրը չի բարձրանում 3-րդ և ավելի բարձր հարկեր: Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնն այս փուլում աշխատանքներ է տանում խողովակաշարերում ջրի ճնշման բարձրացման ուղղությամբ:
Բազմահարկ շենքերի բնակիչները բողոքում են, որ իրենց տներում ջուր չի բարձրանում: Այս իրավիճակը սրվում է հատկապես ամռանը և ձմռանը: Ձմռանը` սառնամանիքների պատճառով, իսկ ամռանը` Ախալքալաքի ջրագծերում խմելու ջրով դաշտերի զանգվածային ոռոգման պատճառով, ջրի ճնշումը նվազում է, ինչի արդյունքում քաղաքի որոշ հատվածներ, ինչպես նաև բոլոր բազմահարկ շենքեր, տարվա այս եղանակներին մնում են գրեթե առանց ջրի: Այս խնդիրն արդեն վաղուց անհանգստացնում է բնակիչներին:
«Այժմ ջուրը ծորակից հոսում է փոքիկ ջրաշիթով, մեկ ամիս հետո ընդհանրապես ջուր չի լինի», – ասում է բազմահարկ շենքի բնակիչներից մեկը:
Ախալքալաքի բարձրահարկ շենքերի որոշ բնակիչներ պոմպեր են տեղադրել, բայց դա էլ ավելի է սրում նրանց վիճակը, ովքեր չունեն այդ պոմպերից: Երբ հարևանը միացնում է իր պոմպը, հարևանի մոտ առանց պոմպի այդ փոքրիկ ջրաշիթն էլ չի լինում:
Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանն ասում է, որ տեղյակ է բարձրահարկ շենքերի խնդրին:
Ըստ նրա, սպասարկման կենտրոնն աշխատում է այս խնդրի լուծման ուղղությամբ, այս պահին վթարը շտկվում է:
«Հիմա մենք շտկում ենք վթարը, որպեսզի քաղաքում ինչ-որ կերպ բարձրացվի ջրի ճնշումը», – ասում է Արտակ Թառլամազյանը:
Այս փուլում վթարները վերացվում են, աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո:
Բրատիսլավ Իգիթխանյան