Գումարը, որը վրացի օգտատերերը կծախսեն արտասահմանյան ազարտային կայքերի վրա, մինչև 2022 թվականի վերջը կհասնի 2 միլիարդ լարիի, bm.ge-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խաղային բիզնեսի ասոցիացիայի (GGA) նախագահ Գիորգի Մամուլաիշվիլին։
2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում խստացվել են առցանց-խաղատների կանոնները։ Բարձրացվել են հարկերը, արգելվել է մոլախաղերի հեռուստատեսային գովազդումը, օգտատերերի տարիքային շեմը հասցվել է 25-ի։ Ընդհանուր առմամբ, առցանց-խաղատների հասանելիությունը սահմանափակվել է մոտ մեկ միլիոն քաղաքացիների համար: Նրանց թվում են սոցիալապես անպաշտպան մարդիկ, պետական ծառայողները, ինչպես նաև «սև ցուցակներում» ընդգրկված խաղամոլները:
Նրանցից շատերը շարունակում են խաղալ՝ օգտագործելով կեղծ հաշիվներ: Մյուսների համար օտարերկրյա կայքերն այլընտրանք են դարձել։ Մամուլաշվիլիի խոսքով՝ այսօր արտասահմանում գրանցված է ավելի քան 130 առցանց կազինո, որոնք հասանելի են նաև վրացերենով։
«Վրացական իշխանությունները ոչ մի կերպ չեն կարող դիմակայել այս ամենին, քանի որ ոչ Facebook-ը, ոչ Instagram-ը, ոչ էլ այլ արտասահմանյան կայքերը, ինչպես և հենց օպերատորները, Վրաստանի իրավասության տակ չեն»,- հիշեցրել է Մամուլաշվիլին։
Միաժամանակ GGA-ի ղեկավարը նշել է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության սահմանափակող ցուցակներում ընդգրկված անձանց թիվը չի գերազանցում բնակչության 0,05%-ը, մինչդեռ այլ երկրներում այդ թիվը հասնում է 3%-ի։
«ՀԿ-ները, որոնք մատնանշում էին այն, որ Վրաստանի երիտասարդությունը մարում են, իսկ խաղացողների 70%-ը խաղամոլությամբ են տառապում, ուղղակի մեծ-մեծ խոսքեր են շաղ տվել եթերի ժամանակ… Ցանկացած խնդիր հետազոտելու համար անհրաժեշտ են որակյալ ուսումնասիրություններ, իսկ այսօր Վրաստանում նման ուսումնասիրություններ չկան»,- եզրափակել է Մամուլաշվիլին: