Շաքարախտը քրոնիկ, առաջադեմ (պրոգրեսիվ) հիվանդություն է, որին բնորոշ է արյան մեջ գլյուկոզայի պարունակության բարձրացումը:
Ախալքալաքի բնակչուհին հիվանդացել է շաքարային դիաբետով 5 տարի առաջ: Հիվանդության մեկնարկային կետն էր հանդիսացել սթրեսը: Նա փիլիսոփայորեն է մոտենում իր հիվանդությանը:
«Շաքարախտը փոխում է մտածողությունը: Պետք չէ դա ընդունել որպես ողբերգություն, շաքարային դիաբետը կյանքին նոր իմաստ ու նշանակություն է տալիս: Անհրաժեշտ է ընտելանալ ու համակերպվել հիվանդության հետ: Անշուշտ, այս հիվանդությունը փոխում է քեզ, նախկինում ես չգիտեի, թե ինչ է թուլությունը, ինչ է գլխապտույտը: Յուրաքանչյուրի մոտ հիվանդության ընթացքը տարբեր է: Անհրաժեշտ է հասկանալ և ընդունել շաքարային դիաբետը: Ես քաղցրակեր էի, բայց հիմա քաղցրավենիքի մասին չեմ էլ մտածում: Նույնիսկ քաղցրի կարիք չունեմ: Դու պետք է ընդունես ինքդ քեզ և քո հիվանդությունը և վերջ», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:
Թե Ախալքալաքում շաքարային դիաբետով հիվանդ քանի մարդ կա՝ հայտնի չէ, մենք չկարողացանք գտնել նման տվյալներ:
Կան շաքարային դիաբետի բազում տեսակներ, բայց տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝ 1-ին, 2-րդ և գեստացիոն դիաբետ: Ամենատարածվածներն են 1-ին և 2-րդ տիպերը: Ընդհանուր առմամբ, դրանք կազմում են դեպքերի ավելի քան 95%-ը, բայց տարբերվում են միմյանցից:
«Շաքարախտը շատ տարածված հիվանդություն է, և օրեցօր շաքարային դիաբետով հիվանդների թիվը մեծանում է: Սկսենք նրանից, որ շաքարախտը նյութափոխանակության խանգարման (մետաբոլիկ) հիվանդություն է, որի հետևանքով առաջանում է դիաբետ: 1-ին տիպի շաքարային դիաբետի պատճառ է հանդիսանում ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով: Այս տեսակը նաև կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ: Այն հիմնականում զարգանում է մինչ 36 տարեկան անձանց շրջանում: Սկսվում է շատ կտրուկ, օրինակ, այս հիվանդությունը կարող է սկսվել մեկ շաբաթվա ընթացքում: Միակ բուժումը ինսուլինն է: Երկրորդ տիպի շաքարախտը զարգանում է ավելի մեծ տարիքում` 36 տարեկանից սկսած: Այս տիպի պարագայում դա ինսուլինի համեմատական անբավարարությունն է: Այսինքն՝ օրգանիզմն արտադրում է ինսուլին, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի յուրացվում օրգանիզմի կողմից: Այս դեպքում բուժումը դիետան է և բերանային ներմուծման դեղամիջոցները», – ասում է էնդոկրինոլոգ Սոնա Չտչյանը:
Նա իր ախտորոշման մասին իմացավ, երբ նա մոտ 40 տարեկան էր, նրան շրջապատում շաքարային դիաբետով շատ մարդիկ կան: Երբեմն նա խախտում է դիետան, բայց միայն՝ երբեմն:
«Շատ բան արգելված է, երբ շաքարը բարձրանում է, իհարկե, զգում ես: Մշտապես թուլություն ես զգում: Այո, այդ հիվանդությամբ կարելի է ապրել, բայց զրկելով քեզ շատ բաներից, այդ թվում այն բաներից, ինչը քեզ դուր է գալիս», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Առաջին ախտանիշներն են, երբ դուք միշտ զգում եք ծարավ և հաճախակի միզարտադրություն, թուլություն, առաջին տիպի շաքարային դիբետի ժամանակ նկատվում է ացետոնի հոտ, քաշի կորուստ:
«Հաճախ լինում է այնպես, որ մարդիկ պատահաբար են իմանում իրենց հիվանդության մասին: Նրանք չեն մտածում, որ շաքարային դիաբետ ունեն: Եթե որևէ մեկը տեղյակ է հիվանդության մասին հարազատներից և ծանոթ է ախտանիշներին: Այս դեպքում նրանք չափում են շաքարը և հայտնաբերում հիվանդությունը: Մնացած դեպքում հնարավոր է, որ մարդն ամիսներ և տարիներ շարունակ ունենա շաքարախտ և նույնիսկ գաղափար չունենա դրա մասին: Ըստ լաբորատոր նորմատիվների 3.9-5.9-ը նորմայի սահմաններում է, բայց վերջերս նորմատիվները փոխվել են և որոշ լաբորատորիաներում կարող եք ավելի մեծ թվերի հանդիպել, բայց շաքարախտը ախտորոշվում է երբ շաքարի մակարդակը 11 մմոլ/լ–ից ավելի է: Մինչ այդ, կա գլյուկոզահանդուրժողականություն հասակցություն, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետի ախտորոշում չկա, բայց կան որոշակի խանգարումներ», – ասում է բժիշկ-էնդոկրինոլոգ Սոնա Չտչյանը:
Շաքարախտով տառապող կինը կարող է ունենալ առողջ երեխա, եթե նա հսկողության տակ պահի գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ: Հակառակ դեպքում, պտղի արատների ռիսկերը մեծանում են: Երեխայի մոտ 1-ին տիպի շաքարախտի զարգացման ռիսկը ավելի մեծ է, եթե դիաբետով հիվանդ է հայրը, քան մոր դեպքում՝ 3-8% ընդդեմ 1-4%-ի: Եթե երկու ծնողներն էլ ունեն դիաբետ, ռիսկը բարձրանում է մինչ 30%:
«Ես հիվանդ եմ շաքարային դիաբետով 25 տարեկանից, արդեն 15 տարի: Պատճառը չգիտեմ, ամենայն հավանականությամբ, սթրեսն է եղել: Ես հիվանդությանս մասին իմացա՝ կոմայի մեջ ընկնելուց հետո: Ինձ անհրաժեշտ է ինսուլին, դա, իհարկե, թանկ է, բայց մեր երկրում պետությունը այն տրամադրում է անվճար: Այլ դեղամիջոցները նույնպես թանկ են, բայց ես դրանք գնում եմ ինքս: Կար ծրագիր, որով մենք այդ դեղերն անվճար էինք ստանում, բայց հիմա այդ ծրագիրը փակել են: Դիաբետով ապրել, ինչ խոսք, հնարավոր է, բայց վերահսկողությունը միշտ անհրաժեշտ է: Երբ ես հղիացա 9 ամիս հսկողության տակ էի: Բժիշկները չէին ասում, որ երեխաներ չի կարելի ունենալ: Ես չէի վախենում, ավելի շատ վախենում էին ինձ շրջապատող մարդիկ, բայց ամեն ինչ կարգին է», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակչուհին:
ՄԱԿ-ի (ԱՀԿ) հաղորդմամբ՝ 1980 թվականից ի վեր շաքարախտով հիվանդների թիվը գրեթե քառապատկվել է: Այսօր աշխարհում 420 միլիոն շաքարախտով հիվանդ կա: Ավելին, շաքարախտը յոթերորդ տեղում է մահացության հիմնական պատճառների շարքում և շատ հաճախ հանգեցնում է այնպիսի լուրջ և թանկարժեք բուժում պահանջող բարդությունների, ինչպիսիք են՝ սրտի կաթվածը, ինսուլտը, երիկամային անբավարարությունը, կուրությունը և ոտքերի անդամահատումը: 2014 թվականին, մոտավորապես 422 միլիոն մեծահասակ ամբողջ աշխարհում տառապել է շաքարախտով, իսկ 1980 թ.-ին 108 միլիոն: Շաքարային դիաբետով հիվանդության գլոբալ մակարդակը (ստանդարտացված ըստ տարիքի) գրեթե կրկնապատկվել է 1980 թվականից ի վեր՝ հասուն բնակչության շրջանում դառնալով 4,7%-ից մինչև 8,5%: Սա արտացոլում է զուգորդող ռիսկի գործոնների աճն, ինչպիսիք են ավելորդ քաշը կամ ճարպակալումը: Անցած տասնամյակի ընթացքում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում շաքարախտը ավելի արագ է աճել՝ համեմատած բարձր եկամուտ ունեցող երկրների հետ:
2007 թվականին Գլխավոր վեհաժողովն ընդունեց A/RES/61/225 բանաձևը՝ հռչակելով շաքարախտի համաշխարհային օրը, որպես ՄԱԿ-ում նշվող օր: Փաստաթուղթում կենսական նշանակություն է տրվում «անհրաժեշտությունը շարունակել բազմակողմանի ջանքերը՝ մարդու առողջությունը պաշտպանելու և խթանելու, ինչպես նաև բուժօգնության ծառայություններ և առողջապահական կրթություն հասանելիություն ապահովելու համար»: Այս տարի շաքարախտի միջազգային օրն անցկացվում է «Ընտանիք և շաքարախտ» թեմայով: Օրը հնարավորություն է տալիս լայն հասարակությանը տեղեկացնել ընտանիքում շաքարախտի ազդեցությունը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել տուժողների ցանցին աջակցելուն, բուժման մեջ ընտանիքի դերին, հիվանդների խնամքին, շաքարախտի կանխարգելմանը և հիվանդության մասին գիտելիքների տարածմանը:
Քրիստինե Մարաբյան