Այս տարի FLEX ծրագրի շրջանակներում ուսումնական տարին ԱՄՆ-ում անցկացնելու համար ընտրվել են Ախալքալաքից երկու աշակերտուհիներ՝ Վեներա Մարգարյանը և Ելենա Գաբրիելյանը։
Վեներա Մարգարյանը 16 տարեկան է, նա Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումուրդո գյուղից է, բայց ապրում է Ախալքալաքում, սովորում է Ախալքալաքի Թիվ 2 հանրային (ռուսաց) դպրոցում, սիրում է նկարել, կարդալ, զբաղվում է երաժշտությամբ և առանձնահատուկ հետաքրքրություն ունի լեզուներ սովորելու նկատմամբ։
Ելենա Գաբրիելյանը օգոստոսին կդառնա 17 տարեկան, նա սովորում է Ախալքալաքի Թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցում։ Նա սիրում է երգել, պարել, կարդալ, ֆիլմեր դիտել, զբաղվում է նկարչությամբ:
Ծրագրին մասնակցությունը և ծնողների վերաբերմունքը
Ելենա – FLEX ծրագրի մասին ես իմացել եմ 3 տարի առաջ։ Այն ժամանակ տարիքս թույլ չէր տալիս մասնակցել այս ծրագրին։ Հետո ես որոշեցի, որ անպայման մասնակցելու եմ հաջորդ սեպտեմբերին, երբ կհայտարարվի ընդունելությունը։ Քանի որ մանկուց սիրում եմ անգլերենը, մի քանի տարի կրկնուսույցի հետ եմ պարապել, և որոշեցի, որ եթե անգլերենի վրա ավելի շատ աշխատեմ, անպայման կանցնեմ։ Այդպես էլ արեցի, հայտը լրացրեցի, բայց չանցա։ Ես որոշեցի, որ այդպես էլ պետք է լիներ։ Հաջորդ տարի նորից դիմեցի, և ստացվեց։ Պատկերացնում եմ, որ այնտեղ սովորելը դժվար կլինի, բայց ես չեմ վախենում։ Իմ երազանքն է գնալ Ամերիկա և տեսնել այդ երկիրը, ինձ դուր է գալիս ԱՄՆ-ն։ Ես միշտ այնպիսի զգացում եմ ունեցել, որ դա իմն է, և ես գնալու եմ այնտեղ։ Ծնողներս երբեք չեն ընդդիմացել, ընդհակառակը մայրս է ասել, որ մասնակցեմ։ Ինձ ասում էին, որ եթե անցնեմ, անպայման կմեկնեմ։ Մայրիկն ինձ միշտ ասում է, որ անեմ այն, ինչ ցանկանում եմ: Ես միշտ կիսվել եմ նրա հետ և ասել, որ ուզում եմ այստեղից հեռու ապրել, իսկ մայրս ասում էր, որ եթե դա քո ցանկությունն է, երազանքը, ուրեմն գնա ուր ուզում ես։ Ես իրավունք չունեմ քեզ չթողնելու:
Վեներա – Ես 5-րդ դասարանում էի, մեծերը խոսում էին այդ մասին։ Եվ ես ոգեշնչվեցի և որոշեցի: 7-րդ դասարանում ուսուցչուհիս ավելի մանրամասն պատմեց այս ծրագրի մասին։ Եվ արդեն 7-րդ դասարանում FLEX-ին մասնակցելն արդեն երազանք չէր, այլ նպատակ, որ «ես անպայման պետք է անցնեմ»։ Ինձ շատ է դուր գալիս ԱՄՆ-ն, ինձ շատ է դուր գալիս Եվրոպան։ Իմ մյուս նպատակն է արտերկրում բարձրագույն կրթություն ստանալը։ Անցյալ տարի մտածում էի մասնակցել Flex-ին, կարծում էի, որ եթե նույնիսկ չանցնեմ, դա ինձ համար լավ փորձ կլինի, բայց ուշացա դիմել, քանի որ ճիշտ չէի հասկացել հրահանգները։ Այսպիսով, այս տարի էլ մտածեցի, որ փորձ կլինի, բայց հենց առաջին անգամից անցա և շատ ուրախ եմ։ Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա իմ ընտանիքը շատ կապված է ինձ հետ, ես զգում եմ, որ հիմա նրանց համար շատ դժվար է, բայց ինձ միշտ ասել են, որ եթե դու անցնես, ապա մենք պատրաստ ենք քեզ թողնել նույնիսկ աշխարհի ծայրը։ Հետևի՛ր քո երազանքին:
Դժվարությունների և այլ կրթական համակարգի մասին
Ելենա – Որքան գիտեմ, կրթական համակարգը շատ ավելի հեշտ է, կան ընտրովի առարկաներ։ Ինչը քո սրտով է, այդ առարկան էլ ընտրում ես ու սովորում: Բայց, բնականաբար, ցանկացած առարկա անգլերենով սովորելը շատ ավելի դժվար է, քանի որ մենք սովորում ենք մեր մայրենի լեզվով, և դրա համար էլ մեզ համար այդպես ավելի հեշտ է։ Բայց կարծում եմ, որ սկզբնական փուլում դժվար կլինի, բայց հետո ավելի հեշտ կլինի, կհասկանանք ու կհարմարվենք համակարգին, ուսուցիչներին ու ամեն ինչին։
Վեներա – Չեմ կարծում, որ դժվար կլինի։ Ճիշտ է, ինչպես Ելենան ասաց, դժվարություններ կարող են լինել այն պատճառով, որ մյուս առարկաները լինելու են անգլերենով, բայց ես շատ ուրախ եմ, որ նրանք պատրաստվում են քեզ ապագա մասնագիտությանդ համար։ Ինձ համար նույնպես նրանց համակարգը լավագույնն է։ Կարծում եմ՝ հեշտությամբ կհաղթահարեմ, ամռանը կաշխատեմ ինքս ինձ վրա, կդիտեմ տեսադասեր։
Մասնագիտության ընտրությունը
Ելենա – Ես ընտրել եմ դեսպանի մասնագիտությունը։ Ընդունվելու եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Դա իմ երազանքն է՝ լինել դեսպան: Կարծում եմ՝ ԱՄՆ-ում սովորելը կօգնի իմ մասնագիտությանն ապագայում։ Կընդլայնի իմ մտահորիզոնն ու աշխարհայացը: Շատերի հետ կծանոթանամ ու կշփվեմ։ Ես կսովորեմ մոտեցում գտնել այն մարդկանց հետ շփվելիս, որոնց մշակույթն ու մտածելակերպն ինձ ծանոթ չէ։
Վեներա -Ես որոշել եմ լեզվաբան դառնալ և Ամերիկայում ուսումը դրան շատ կօգնի։ Ուզում եմ նաև իսպաներեն սովորել։ Դա կլինի նախապատրաստություն մասնագիտությանը։ Ինչու՞ եմ ուզում լեզվաբան դառնալ: Ես գիտությունից հեռու մարդ եմ։ Լեզուներն ինձ հեշտ են տրվում, և դա ինձ դուր է գալիս: Ես ինքնուրույն սովորել եմ կորեերեն, գիտեմ հիերոգլիֆները, քիչ-քիչ կարդում եմ։ Ես սովորում եմ իսպաներեն բառեր: Մանկուց ինձ դուր է եկել նաև զբոսաշրջության ոլորտը։ Բայց ես կարծում եմ, որ լեզվաբանը զբոսաշրջությանը չխանգարող մասնագիտություն է։ Այսինքն, դու կարող ես աշխատել առցանց և ճանապարհորդել:
ԱՄՆ. Նոր ընտանիք, նոր միջավայր
Ելենա – Կարծում եմ՝ դժվար կլինի։ Մենք սովոր ենք մեկ մշակույթի, մեր ժողովուրդն այլ կերպ է մտածում, մեր առօրեական կյանքն այլ է, և սա, կարծում եմ, կտրուկ կփոխվի։ Սկզբում բարդ կլինի հարմարվել տանը, դպրոցում, դպրոց տանող ճանապարհն այլ կլինի, ոչ այնպիսին, ինչին սովոր ենք։ Ամեն օր մենք կտեսնենք այլ մարդկանց, տոները տարբեր են: Ամեն ինչ կլինի նորովի, հետաքրքիր, ծանոթանալ նրանց ավանդույթներին, մշակույթին, ապրելակերպին։ Ես ուզում եմ շատ նոր բաներ տեսնել, նոր բաներ բացահայտել։ Ես ուզում եմ կիսվել այս գիտելիքներով մեզ մոտ:
Վեներա – Չեմ կարծում, որ դժվար կլինի։ Դժվար կլինի, քանի որ կկարոտեմ ընտանիքս, ընկերներիս, բայց այնտեղ հեշտ կլինի ընտելանալ։ Ես շփվող եմ, ես շփման հետ կապված խնդիր չեմ ունենա։ Միայն, կարծում եմ, հարազատներիս կկարոտեմ, բայց ես մանկուց դրան սովոր եմ։
Ինչո՞վ է տարբերվում Վեներայի և Ելենայի սերունդը
Վեներա – Մենք տարբերվում ենք մտածողությամբ։ Մենք չենք վախենում արտերկիր մեկնելուց: Ավագ սերունդը հիմնականում վախենում է դրանից՝ անգամ երեխաներին դուրս թողնելուց։ Իրենց կյանքն ուրիշ տեղ չեն պատկերացնում։ Նրանց համար ավելի կարևոր է հայրենիքը։ Մենք չենք վախենում ինչ-որ նոր բան փորձել։ Մենք արագ ընդունում և ընկալում ենք նոր բաները։ Օրինակ՝ հեռախոսները։ Ծնողներն ասում են, որ սա անպիտան բան է և պետք չէ դրանից օգտվել։ Բայց եթե դու խելացի ես, ապա հեռախոսդ կօգտագործես բարի նպատակների համար և դա կօգնի քեզ շատ բանի հասնել։ Մեկ այլ պահ է կարծրատիպերը, օրինակ՝ հագուստի հետ կապված, ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան անել։ Նույնիսկ ընկերներ ունենալը: Կարծում եմ՝ մեր սերունդը շատ բանի կհասնի։ Մենք ավելի բաց ենք։ Մեզ ձգում է այնտեղ, որտեղ ավելի շատ հնարավորություններ կան:
Ելենա – Իսկապես, մեր սերնդին գրավում են այլ վայրեր։ Մեր սերունդը այստեղ չի մնում: Շատերն են ուզում հեռանալ այստեղից ինչ-որ տեղ՝ Թբիլիսի, Երեւան… Մենք ավելի ազատ ենք։ Մեր քաղաքը միշտ փակ է եղել։ Շրջանակներ են եղել։ Հստակ սահմանված էր, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Մեր սերունդը գնում է դեպի զարգացում։
Վեներա – Մեր մոտ խտրականությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում: Աղջիկները չեն կարող շատ բան անել, ինչպես տղաները: Աղջիկը չպետք է սովորի, դպրոցն ավարտում են ու վերջ, ամուսնանում։ Իսկ տղաները կարող են շատ բան անել: Աղջիկը չի կարող հենարան լինել իր ծնողներին և աջակցել նրանց, բայց տղան կարող է: Սա ինձ վրա շատ է ազդում։ Ես չեմ սիրում խտրականություն: ԱՄՆ-ում և Եվրոպայում դա այդպես չէ։ Այս առումով հավասարություն է այնտեղ։ Հետևաբար, մենք ձգտում ենք այնտեղ, որտեղ մարդիկ հավասար դիրքերում են: Սոցցանցերը օգնում են հասկանալ այս ամենը, ինչը ցույց է տալիս, թե ինչ հնարավորություններ ունեն աղջիկները այլ վայրերում։ Եվ մենք նույնպես ձգտում ենք հասնել ավելիին։
Քրիստինե Մարաբյան