Վերին Ալաստան կամ Օրդան, այս գյուղի ավերակները վկայում են այն մասին, որ բազում դարեր առաջ (մինչև XIV-XV դարերը) կյանքն այստեղ եռացել է: Jnews- ն այս բնակավայրի վերաբերյալ, պատմական տվյալներ չգտավ, սակայն հարևան Ալաստան գյուղի բնակիչները պահպանում և փոխանցում են իրենց նախնիների պատմած պատմություններ:
Ամեն մեքենայով հնարավոր չէ հասնել մինչ այս գյուղի ավերակները: Ալաստանի բնակիչները էքստրեմալ պայմաններում մեզ ամենագնաց մեքենայով ուղեկցեցին դեպի այնտեղ: Ալաստանից մոտ երկու կիլոմետր ստիպված էինք անցնել դաշտերով, ջրանցքներով և քարերի վրայով: Սակայն, արժեր դա անել: Բարձունքի վրա, երկու գետերի միջև, անտառների մեջտեղում ժամանակը կանգնել էր:
Դեղին մամուռով պատված քարերը շարված են շարքերով, հորիզոնի վրա երևում է լազուր երկինքը: Գյուղի ավերակների վերին «հարկում» եկեղեցին դեռ պայքարում է ժամանակի հետ:
«Ամեն անգամ, երբ բարձրանում ենք Ջուբարեթի անտառներ մասուր, ընդեղեն կամ վայրի հատապտուղներ հավաքելու, մոմեր ենք վառում այս եկեղեցում», – պատմում է Երանուհի Սարուխանյանը:
Ալաստանի բնակիչները պատմում են, որ այստեղ կյանքը դադարել է Լենկ-Թեմուրի զորքերի ավերիչ արշավանքից հետո (XIV դարի վերջ):
Ինչ ազգություններ են ապրել ավերված Վերին Ալաստանում, ոչ ոք չգիտի, բայց եկեղեցու մոտ հայտնաբերվել է Խաչքար: Այս տարածքում, բնակիչների փոխանցմամբ, միմյանցից ոչ հեռու եղել են ևս երեք գյուղեր, ընդհանուր առմամբ եղել է չորս գյուղ: Այս գյուղերից ամենալավ պահպանվել է Վերին Ալաստանը:
Ալաստանցի Խաչիկ Մխչյանը և նրա կինը՝ Երանուին, ինչպես նաև Սիմոն Մանանյանը, սիրով համաձայնեցին պատմել իրենց հասած Վերին Ալաստանի պատմության մասին և ցույց տալ մեզ տեղանքը:
Ըստ նրանց պատմությունների, պաշտպանական նպատակներով, չորս չգյուղերը միմյանց հետ ունեցել են ստորգետնյա կապ:
Գյուղի ավերակները ցույց են տալիս, որ այստեղի տները կառուցված են կեղևաշերտի վրա: Ավելին, տները կառուցվել են կողք կողքի և հիմնականում իրար միջև ունեցել են ստորգետնյա անցումներ, ըստ երևույթին, որպեսզի պաշտպանվեն իրենց վրա հարձակումներից, որոնք հաճախ են տեղի ունեցել միջին դարերում: Այստեղ կարելի է տեսնել ամբարներ, կրակի համար նախատեսված տեղեր, ինչպես նաև անցքեր, որոնք տանում են դեպի ստորգետնյա անցուղիներ:
Ալաստանի բնակիչները, ինչպես պատմում են նրանք, եկել են XIX դարի սկզբին Արևմտյան Հայաստանից, Արծաթ գյուղից: Նրանք այստեղ հանդիպել են պատմության գիրկն անցած գյուղերի սերունդներին:
«Մեր նախապապերն պատմում էին, որ իրենց պապերից լսել էին, մի կին, պատմել է, որ ծնունդով Ջուբարեթ գյուղից է ու ամուսնացել է Պետրով գյուղում: Եթե այս կինը խոսել է հայերեն, ապա նշանակում է հայերն այստեղ ապրել են», – ասում է Սիմոն Մանանյանը:
Ցույց տալով հսկայական քարերը, որոնցով մարդիկ տներ են կառուցել, Սիմոն Մանանյանը պատմում է.
«Նրանք ապրում էին մշտական վախի մեջ: Նման կառուցվածքը նպատակ ուներ նախևառաջ կապ ունենալ միմյանց հետ, որպեսզի թշնամիների հարձակման ժամանակ կարողանային փախչել հարևանների տների միջով, երկրորդը՝ տաքության նպատակով: Նախկինում շատ խիստ ձմեռներ են եղել այստեղ»:
Խաչիկ Մխչյանը մանուկ ժամանակ հաճախ է եկել այս տարածք: Նա խաղացել է ընկերների հետ, իսկ նման ավերակներն ու ստորգետնյա անցուղիներն հնարավորություն էին տալիս երեխաների երևակայությանը և խաղերին:
Ավերակների պատերով ճարպկորեն քայլելով նա մեզ ցույց տվեց հին գյուղի «գաղտնիքները», որոնք նա գտել էր մանկության տարիներին՝ խաղերի ժամանակ: Ամբարներ, որտեղ նախկինում պահվել է հացահատկեղեն, ինչպես նաև ստորգետնյա անցուղիներ տանող մուտքեր, որոնք տարիների ընթացքում ծածկվել են խոտով և քարերով:
«Ոտքին կապում էինք պարան, որպեսզի հետո հետ քաշեինք, մտնում էինք այս ստորգետնյա անցքերի մեջ: Մանուկ հասակում մենք հաճախ էինք խաղում այստեղ: Մտնում էինք այնտեղ, երբեմն մի անցուղուց մտնում էինք մի քանի սենյակներով տարածք, մինչև վերջ վախենում էինք գնալ, մտածում էինք, հանկարծ կկորցնենք հետդարձի ճանապարհը », – պատմում է Խաչիկ Մխչյանը:
Ստորգետնյա անցումներից մեկը դուրս էր գալիս դեպի գետը, ըստ երևույթին, որպեսզի թշնամու հարձակման ժամանակ մարդիկ կարողանային գետից ջուր վերցնել:
Ալաստանի բնակիչներից մեկը ժամանակին այստեղ գանձ է գտել:
«Մորաքրոջս ամուսինը, երբ այս տարածքում խոզերին է արածացրել, շատ ոսկի է գտել: Խոզը հողը քթով փորել է, և հանդիպել ոսկուն: Գտնելով ոսկին նա վազել է տուն, թողել խոզերին, այնուհետև ոսկին աոել ու մեկնել Բաքու: Այդ գանձից նույնիսկ ինձ երեք կտոր ոսկի է հասել, ես դրանցով ոսկյա ատամնաշար դրեցի », – ծիծաղելով պատմում է Խաչիկ Մխչյանը:
Ալաստանցիները սիրում են գալ այստեղ, մոմեր վառել, բնության գրկում հացկերույթներ կազմակերպել և մտորել այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրել այստեղ, նայելով ներկայիս ավերակներին փորձել կռահել պատմության որոշ իրողություններ:
Շուշան Շիրինյան