Ախալքալաքի Մշակույթի տան մոտ հայտնվել է քաղաքի կենտրոնական հատվածի վերակառուցման ծրագիրը:
Նշենք, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագիրը, որը ենթադրում է կենտրոնական փողոցի և քաղաքի կենտրոնական հրապարակի և շենքերի ճակատային մասերի վերականգնում:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կենտրոնական փողոցի 4 շենքի ճակատային մասերի և քաղաքապետարանի դիմացի պուրակի վերանորոգումը սկսվել է այս տարվա հունիսի վերջին: Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է, քանի որ շինարարական ընկերության աշխատակիցների խոսքերով՝ աշխատանքը ծավալուն է, և հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը չհասցնեն այն ավարտին հասցնել, ուստի այդ աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նախագծի երկրորդ փուլի շրջանակներում` մինչև 2022 թվականի գարուն: Այս տարի նախատեսվում է ավարտել մասնավոր տների ճակատային մասերի և պուրակի վերանորոգման աշխատանքները: