Արփենիկ Տիտոյան-Մանասյանն իր ողջ կյանքում աշխույժ ու ակտիվ է եղել։ Աշխատել է Վրաստանի տարբեր քաղաքներում, կորցրել է երեք մանկահասակ երեխայի, սակայն ուժեղ է գտնվել, ապրել է հանուն իր մնացած երկու երեխաների։ Հիմա արդեն 102 տարեկան է, շրջապատված 6 թոռով, 10 ծոռով, 3 կոռով և 3 հարսով։

Արփենիկ տատը ծնվել և մեծացել է Ազավրեթ գյուղում։ Երկար տարիներ ամուսնու հետ աշխատել է տարբեր քաղաքներում, ապրուստի միջոց վաստակել:

Arpenik tatik

Նրա երեխաներից մեկը մահացել է 5 տարեկան հասակում, այն ժամանակ, երբ ինքն ամուսնու հետ գնացել է աշխատելու, տուն վերադառնալուն պես փնտրել է երեխային, չի գտել։ Սկեսրարը հարցրել է՝ ի՞նչ է փնտրում, ասել է՝ «պապ Գառնիկս ու՞ր է, չկա», սկեսրարը պատասխանել է «Գառնիկը չկա, թաղել ենք»:

Դրանից հետո նրանք նորից են գնացել աշխատանքի, իրենց հետ վերցնելով իրենց երկու տարեկան երեխային, որոշ ժամանակ անց այդ երեխան նույնպես մահանում է։ Այդ ընթացքում աշխատել են Բորժոմիում, հենց այնտեղ էլ հողին են հանձնում երեխային։

Երբ Արփենիկ տատը 30 տարեկան է եղել, երբ ամուսինը մահացել է, ինքը հղի է եղել, այնքան հուսահատված ու հիասթափված է եղել, որ տնից դուրս է ելել, կանգնել է եկեղեցու դռան դիմաց ու ասել՝ «Առ ամանաթդ, ինձ պետք չէ»: Այդ երեխան էլ երկու ամսական հասակում է մահանում:

Լույս աշխարհ է բերել հինգ երեխա՝ չորս տղա և մեկ աղջիկ, սակայն մնացել է երկուսով, մի որդիով և մի դուստրով, որդին մնացել է գյուղում, իսկ աղջիկն ամուսնացել է Ալաստան գյուղում և հիմա այնտեղ է ապրում:

Հիմա Արփենիկ տատիկը երեք հարս ունի՝ իր հարսը, հարսի հարսը, հարսի հարսի հարսը։

102 տարեկան հասակում մեր հերոսուհին 6 թոռ, 10 ծոռ, 3 կոռ ունի։

Թոռներից և ծոռներից գոհ է։ Ասում է՝ հենց նրանք տուն են մտնում, առաջինը հարցնում են՝ «Աբան հաց կերել է, ո՞նց է»:

Տատիկին հարցնում ենք՝ թե ո՞րն է նա երկարակացության գաղտնիքը, ասում է՝ աշխատանքը, ողջ կյանքս աշխատել եմ:

amusinner

Ամուսնու մասին խոսելիս ասում է, որ իրեն լավ է նայել:

«Բա գլխատերն իր կնոջը լավ չի՞ նայի, իմ ամուսինը ինձ լավ է նայել, ես շատ գոհ եմ։ Իրար հետ ենք եղել միշտ, միասին աշխատել», – հավելում է նա:

Արփեն տատն ընդամնեը մեկ ամիս է դպրոց հաճախել։ Տառերը չգիտի, ստորագրությունն էլ խաչ է պատկերում։

«Ուսուցիչը քաղաքից էր գալիս, մեկ ամիս եկավ, ասաց, որ իրեն այլևս ձեռք չի տալիս քաղաքից գյուղ հասնել և այլևս չեկավ: Այդպես էլ մեկ ամսից ավել չեմ հաճախել դպրոց», – ասում է նա:

Տատիկը լավ չի տեսնում և լավ չի լսում։ Այդ իսկ պատճառով ձմռանը նա հիմնականում դուրս չի գալիս, իսկ ամռանը հաճախ է տան դիմաց նստում։ Հարսներն ասում են՝ երբ դուրս է գալիս, յուրաքանչյուրս մի անկյունից հետևում ենք, որ հանկարծ ճանապարհը չշփոթի, կամ չընկնի։

Երբ տատիկը դարձել է 100 տարեկան պետությունը նրան 500 լարի է նվիրել, անցած տարի ևս կրկին 500 լարի է ստացել։ Իսկ այս տարի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տատիկի մարտի 8-ն են շնորհավորել։