Նոյեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացումը, որը գործում էր այս տարվա սեպտեմբերից:
Նախքան մանկապարտեզի բացումը, տեղական և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները, որպես «Վրացական երազանքի» քարոզարշավի մաս, զրուցել են ներկաների հետ, լսել նրանց խնդիրներն ու խնդրանքները և խոստացել հետևողական լինել այդ հարցերում:
Հանդիպումից հետո սկսվել էր մանկապարտեզի բացման պաշտոնական միջոցառումը: Բացման ընթացքում հավաքվել էին շատ մարդիկ ինչպես Կուլիկամ գյուղից, այնպես էլ հարևան գյուղերից:
Բացման արարողությանը ներկա էին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Սակրեբուլի նախագահ Նաիրի Իրիցյանը, նահանգի ներկայացուցիչը և այլ պաշտոնյաներ: Մանկապարտեզի բացման առթիվ Հենզել Մկոյանը նվիրեց դինամիկ:
Կուլիկամ գյուղում մանկապարտեզի կառուցումը տևեց 4 տարի: 2019 թվականի սեպտեմբերի 9-ից գյուղի մանկապարտեզը սկսեց պաշտոնապես աշխատել: Նորակառույց շենքում ստեղծված են նորմալ նախադպրոցական հաստատության համար բոլոր անհրաժեշտ պայմանները` կահույքից մինչև խաղալիքները:
Մանկապարտեզ են հաճախում մոտ 50 նախադպրոցական տարիքի երեխաներ:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, մանկապարտեզի աշխատակազմը համալրված է երիտասարդ, կրթված կադրերով:
Գյուղում այլընտրանքային մանկապարտեզը գործում էր 2012 թվականից, իսկ նոր շենքի կառուցումը սկսվել էր 2016 թ-ին և ավարտվել է միայն այս տարի:
Նշենք, որ քաղաքում և Ախալքալաքի շրջանի գյուղերում կա 12 մանկապարտեզ, որոնցից երեքը այլընտրանքային են` Խանդո, Կոթելիա և Կարտիկամ գյուղերում: 2020 թվականին նորակառույց մանկապարտեզներ կգործեն նաև Սուլդա և Չունչխա գյուղերում: Հարկ է նշել, որ Խուլգումո գյուղում մանկապարտեզն արդեն երկու տարի է չի բացվում՝ շենքում ջրի բացակայության պատճառով: