Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այդ մասին ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը NEWS.am-ին:
Նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի և Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է:
«Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն, բացի դասագրքերի խնդրից, ավելի կարևոր խնդիր ունենք՝ հայ ուսուցչական կազմի ծերացման խնդիրը», – ասել է նա:
Լևոն Մկրտչյանը նշել է, որ պետք է այնպես անել, որ բարձրագույն կրթութուն ստացող ջավախքցի երիտասարդները իրենց կարիերան և ապագան Վրաստանում տեսնեն:
«Վրաստանում ստանան իրենց մասնագիտությունը, որպեսզի վերադառնան Ջավախք և ոտքի կանգնեցնեն Ջավախքը: Եթե Վրաստանի հայկական դպրոցներում հատուկ Հայաստանի ծրագրով անցնենք, այդ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո վրացական ԲՈւՀ չի կարող ընդունվել, եթե չի կարող ընդունվել, ուրեմն պետք է գա Երևանում սովորի և այդպիսով Ջավախքի արտագաղթին ենք նպաստելու: Այնպես պետք է անենք, որ ջավախահայերն իրենց լիարժեք Վրաստանի քաղաքացի զգան, կարողանան Վրաստանի հասարակության բոլոր շերտերում տեղ գրավել՝ ջավախահայության հիմնախնդիրները իբրև Վրաստանի անբաժանելի կարևոր մասնիկ բարձրացնել երկրի առջև: Եթե մենք կրթական ծրագրերն այս իմաստով ենք անում, ուրեմն կարիք ունենք վրացական դասագրքերի որակյալ հայերեն թարգմանության: Այստեղ Հայաստանի Հանարապետությունը կարող է շատ լուրջ օգնություն ցույց տալ, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա: