Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ռոնդելի հիմնադրամի գրասենյակում, պրոֆեսոր Վլադիմիր Պապավայի հետ հանդիպման ժամանակ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, ուսանողները, Նինոծմինդայի և Ախալքալաքի պետհաստատությունների աշխատակիցները ծանոթացան Վրաստանում տիրող տնտեսական իրավիճակին:
Պրոֆեսորի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներում. Ներգրավվածություն ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամը, (Ռոնդելի հիմնադրամ) ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ:
Վլադիմիր Պապավան նշեց, որ Վրաստանի տնտեսությունն այժմ գտնվում է ծանր վիճակում: Այս իրավիճակի ավելի պարզ պատկերացման համար նա ընդգծեց Վրաստանի շարքային քաղաքացու սպառողական զամբյուղի հարաբերակցությունը, որի 80% -ը ներմուծված ապրանքներն են, և միայն 20% -ը՝ տեղական: Ըստ նրա, սա վառ օրինակն է այն փաստի, որ Վրաստանի տնտեսությունը չի զարգանում:
Նա նշեց, որ Վրաստանի տնտեսությունը արտադրող չէ, այլ սպառող է, ինչը շատ ցավալի է: Վլադիմիր Պապավան նաև ասաց, որ այսօր Վրաստանի տնտեսությունը գոյատևում է, և որ նրա տնտեսությունը զարգացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է զարգացնել գիտելիքների տնտեսությունը, ինչպես նաև լուծել պրոֆեսիոնալիզմի խնդիրը:
Ներկաները հատուկ ուշադրությամբ էին լսում նրան և հետաքրքրվում որոշ մանրամասներով:
Ծրագրի նպատակը, ըստ որի տեղի ունեցավ հանդիպումը, Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում ազգային փոքրամասնությունների մասնակցության բարելավումն է, օգնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչուցիչներին մասնակցել քաղաքական կուսակցություններում, ինչպես նաև օժանդակել Վրաստանում ազգամիջյան ինտեգրման գործընթացներին, զարգացնելով ժողովրդավարական կառավարման սկզբունքներն այն տարածաշրջաններում, որտեղ կոմպակտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները: