Վրաստանի բուհերում սովորող Ջավախքի ուսանողները խոսում են վրացերեն սովորելու իրենց մեթոդների, ուսանողական խնդիրների ու տպավորությունների մասին:
Մեկ տարում հնարավոր է սովորել լեզուն, դա հաստատում են մեր հարցվողները, ովքեր Վրաստանի բուհեր են ընդունվել 1+4 ծրագրով: Յուրաքանչյուրն ունի իր սեփական մեթոդը: Մեկ երկու տարվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը հասել է տարբեր մակարդակի:
Արուսյակ Ֆարմանյանն առաջին կուրսից տեղախոխվում է երկրորդ: Նա սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Մինչ ընդունվելը լավ չէր տիրապետում վրացերենին:
Նրա խոսքերով, առաջին կուրսում նա ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեց, քան նախապատրաստականում և նա դա բացատրում է վրացերենով ավելի շատ շփվելու հնարավորությամբ:
«Զրո կուրսում բոլորը հայեր էին, վրացերենով շփում չկար, իսկ առաջին կուրսում այլ էր: Երբ խոսում ես, լեզուդ ավելի բացվում է: Ես լեզու սովորելու հատուկ սկզբունք չունեմ, եթե հասկանում ես, մտապահում ես », – ասում է Արուսյակ Ֆարմանյանը:
Հաճախ քննությունների ժամանակ մոռանում է ինչ որ մի բառ, և դրան յուրաքանչյուր դասախոս յուրովի է վերաբերվում:
«Կա դասախոս, ով հասկանալով է մոտենում, բայց կան նաև այնպիսիներն, ովքեր ասում են, որ եթե եկել ես սովորելու, պետք է իմանաս: Այդ պահերին ես փորձում եմ բացատրել ուրիշ բառերով, կամ բաց եմ թողնում այդ մասը: Սկզբում շատ դժվար էր: Նոր մարդիկ, նոր քաղաք », – ասում է Արուսյակ Ֆարմանյանը:
Դիանա Մարաբյանը նույնպես սովորում է Իվանե Ջավախիշվիլիի համալսարանում, ավարտում է անգլերեն լեզվի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսը: Սկզբում նա ամաչում էր խոսել վրացերեն, որովհետև սխալներով էր խոսում: Առաջին կիսամյակում նա անգիր էր անում տեքստը, բայց հետո հասավ այն բանին որ, արդեն կարող է պատմել իր խոսքերով: Նա մշակել է սովորելու իր սեփական մեթոդը:
«Ես փորձում եմ խոսքերը նմանացնել հայերեն բառերի հետ կամ մարդու հետ և այդպես հիշել, – ասում է Դիանա Մարաբյանը:
Դիանա Մարաբյանը ազգությամբ վրացի շատ ընկերներ ունի, նրանք ուղղում են սխալներն և ասում, որ չպետք է ամաչել, թեկուզ այդպես պետք է խոսել:
Արմենուհի Շիրինյանը Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղից է: Նա նախապատրաստական կուրսից տեղափոխվում է առաջին: Սովորում է Իվանե Ջավախիշվիլի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նրա խոսքերով, նա դպրոցից վրացերենը լավ գիտի, սակայն նախապատրաստական խմբում նա խորացրել է իր վրացերենի իմացությունը:
«Այժմ ես արդեն կարող եմ տարբերել բայերի խոնարհումն ու գոյականների հոլովումը: Չեմ կարող ասել, որ ես լիովին տիրապետում եմ վրացերենին, բայց ես հասկանում եմ և կարող եմ, ինչ որ պետք է բացատրել: Չնայած ինտեգրման հետ կապված խնդիրներ չունեմ, բայց սկզբից ինձ համար դժվար էր: Սակայն առաջին կիսամյակից հետո ամեն ինչ կարգավորվեց », – ասում է Արմենուհի Շիրինյանը:
Արմենուհու համար բայերը սովորելը ամենադժվարն էր: Ըստ նրա, նա արդեն 70-80 տոկոսով տիրապետում է վրացերենին:
Ազատ ժամանակ Արմենուհին բանաստեղծություններ է գրում հայերեն և նույնիսկ վրացերեն լեզվով:
Զոյա Թաթարյանը ընդունվել է Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Նա դպրոցից լեզվին տիրապետում էր, սակայն նախապատրաստական կուրսի տարին, իրոք, օգնեց նրան ազատ խոսել վրացերեն:
«Ես հասկանում էի, բայց դժվարանում էի խոսել: Բայց հիմա ես ազատ խոսում եմ: Մեզ վրացերեն սովորելու համար խորհուրդ են տալիս շատ դիտել վրացական ֆիլմեր և լրատվական ծրագրեր, որպեսզի լավ հասկանանք լեզուն: Մեր մոտ շատ կան ադրբեջանցիներ: Կուրսում 200 հոգի ենք, նրանցից 21-ը հայեր են, մնացածը՝ ադրբեջանցիներ: Ես նրանց հետ ընկերություն եմ անում, և մենք շփվում ենք վրացերենով », – ասում է Զոյա Թաթարյանը:
Նա փոքր ժամանակվանից գիտեր, որ դառնալու է իրավաբան, քանի որ հաճախ էր «իր իրավունքները ներկայացնում»:
«Ես ուզում էի օրենքներն իմանալ այդ տեսակետից խոսելու համար: Մեզ մոտ անցկացվում են տարբեր նախագծեր, շնորհանդեսներ, և նրանք էլ են իրենց հերթին օգնում են վրացերեն սովորելուն: Մենք անցնում ենք բժշկություն, հոգեբանություն », – ասում է Զոյա Թաթարյանը:
Մեր բոլոր հերոսները նշել են, որ եթե նրանք Թբիլիսիում աշխատանք գտնեն, ապա կմնան այնտեղ:
Շուշան Շիրինյան