Երևանում Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների ստորագրած հուշագրի համաձայն երկու երկրների ուսանողները հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալ անվճար հիմունքներով:
Այսօր Երևանում ստորագրված հուշագրի համաձայն Հայաստանն ու Վրաստանը երկկողմանի պարտավորվում են բարձրագույն կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնել:
Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:
Ըստ հուշագրի, վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 լարին: Հայկական կողմն էլ իր հերթին է պարտավորվում Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե գումարը չի գերազանցում 1.000.000 դրամը:
Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից: