Ախալքալաքի մունիցիպալիտետի չգազաֆիկացված գյուղերում ձմեռն արժե 1050-ից 2250 լարի, դրան ավելացրած, բնակիչները չարչարվում են վառելափայտ գտնելուց և գնելուց, ապա դրանք կոտրատելուց և դասավորելուց, իսկ հետո էլ ամեն օր մաքրելուց:

Ախալքալաքի մունիցիպալիտետում 65 գյուղ կա, այսօրվա դրությամբ դրանցից 23-ը գազիֆիկացված չեն: Այն գյուղերի բնակիչները, որտեղ գազ չկա, դժգոհում են, որ ձմեռը նրանց համար շատ ավելի թանկ ու դժվար է, քան մյուս գյուղերում:

Բուզավեթում, ինչպես և մունիցիպալիտետի մյուս չգազաֆիկացված գյուղերում, հիմնախնդիրը բնական գազի բացակայությունն է: Բնակիչների համար առանց դրա էլ դժվար է բնակվել քաղաքից հեռու, իսկ բնական գազը չեն անցկացնում, քանի որ դա մեծ ծախսերի հետ է կապված:

«Ասացին, որ ծախսերը գյուղը չի փոխհատուցելու: Ասացին, որ գազիֆիկացման համար՝ Կարտիկամ գյուղից, որտեղ կա գազ, մինչև մեր գյուղ 400 000 լարի է հարկավոր: Որքան գազ կարող ենք օգտագործել այս ծախսերը մարելու համար, մինչդեռ մենք ինքներս էլ այդպիսի գումարներ չունենք: Մենք կենտրոնական գազատարից կարո՞ղ ենք գազը քաշել մինչև մեր տներ», – ասում է Բուզավեթ գյուղի բնակիչը:

Տարբեր գյուղերում ձմեռվա վառելափայտի ծախսերը տարբեր են: Քիչ թե շատ հարևան գյուղերում միջին ընտանիքին անհրաժեշտ է առնվազն 3 շարք վառելափայտ (ավելի քան 6 խորանարդ մետր), իսկ եթե տանը երեխա կա, ապա՝ 1-2 շարքով ավելի:

Վառելափայտի գինը որոշվում է ոչ թե մեկ խորանարդ մետրով, այլ շարքով: Եղևնու մեկ շարք վառելափայտի համար, որն այստեղ կոչվում է կեկնար, արժե 350 լարի, թեև, այդ փայտը այդքան էլ լավ տաքություն չի տալիս, և դրանցից ծուխն ավելի շատ է: Եթե ընտանիքը կարողանում է իրեն թույլ տալ, ապա այն գնում է դիրգեն (ցիպելա) վառելափայտը, որի մեկ շարքն արժե 450 լարի, բայց վառելափայտը լավ է տաքացնում:

Բարձրավանդ գյուղերում, օրինակ՝ Սամսար գյուղում, որտեղ ձմեռը խիստ է, ցրտաշունչ և երկար, հարկավոր է 4-5 շարք վառելափայտ: Ամեն տարի, Սամսար գյուղի բնակիչները վառելափայտի համար ստիպված են վճարել 1400-ից 2250 լարի:

Վառելափայտը գնում են ոչ միայն չգազաֆիկացված գյուղերում, այլև գյուղերում, որտեղ կա գազ: Ոմանք տունը գազով չեն տաքացնում, իսկ ոմանք էլ համենայնդեպս վառելափայտը գնում են՝ «բա, որ հանկարծ ձմռան կեսին գազն անջատեն»:

Payd-2

Հաշվարկները պարզ են, բայց վառելափայտի համար գումար գտնելը շատ ավելի բարդ է: Շատերը վարկ են վերցնում:

«Եթե գազ լիներ, մենք այդքան չէինք նյարդայնանա և վարկ չէինք վերցնի, լավ է, որ գոնե մեր շրջանի վաճառողները հասկանում են իրավիճակը և չեն վերցնում ամբողջ գումարը միանգամից», – ասում է Սամսար գյուղի բնակիչը:

Տեղի վաճառողները հասկանում են բնակչության վիճակը, ուստի նրանք գումարը վերցնում են մաս-մաս: Այնուամենայնիվ, դա խանգարում է վառելափայտի խմբաքանակներ հասցնել այլ բնակիչներին:

Չնայած այն փաստին, որ նախորդ տարիների համեմատ, վառելափայտի պահանջարկը նվազել է, գինն ընդհակառակը՝ աճում է: Ինչպես բացատրում է KAMAZ-ի վարորդը, որը վառելափայտ է վաճառում՝ շատերը նախկինում աշխատել են այս ոլորտում, Բակուրիանիից վառելափայտ էին բերում, հիմա քչերն են բերում:

«Հիմա ոչ բոլորն են կարողանում զբաղվել այս գործով, դրա համար հարկավոր է ունենալ փաստաթղթեր, ծանոթներ», – ասում է վարորդը: Միանգամից նա կարող է բերել ոչ ավելի, քան 15 խմ վառելափայտ:

Ինչպես ասում է վարորդը, վառելափայտի բարձր գները պայմանավորված են նաև անտառներում հատումների համար նախատեսված վառելափայտի սահմանափակ քանակությամբ:

Բրատիսլավ Իգիթխանյան