Պլաստիկ թափոնների վերամշակումն ամբողջ աշխարհում ընդունված է որպես բիզնեսի տեսակ: Սակայն Ախալքալաքում այն բավարար հետաքրքրություն չի առաջացնում, որի պատճառները տարբեր են՝ ֆինանսականից մինչև անհավասար մրցակցություն, աղբի տեսակավորման մշակույթի բացակայություն: Ռոբինզոն Կավրելիշվիլին միակն է Ախալքալաքում, ով որոշել է ոչ միայն բիզնես անել, այլև նաև հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Ռոբինզոն Կավրելիշվիլին մեկ տարի առաջ սկսել է Ախալքալաքում պլաստիկի վերամշակմամբ զբաղվել, արտադրամաս բացել, որի նպատակն է ոչ միայն բիզնես անել, այլև հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Սակայն վերջինս դեռ արտադրության փուլին չի հասել։
Կավրելիշվիլին ասում է՝ Ախալքալաքում չկա ոչ միայն համապատասխան ենթակառուցվածք, տեխնիկական միջոցներ, այլև աղբի տեսակավորման մշակույթ։ Ախալքալաք քաղաքում և գյուղերում լավագույն դեպքում թափոնները հայտնվում են աղբավայրերում, վատագույն դեպքում՝ մնում են պարզապես բնության մեջ:
Կավրելիշվիլին պատմում է, որ պլաստիկի վերամշակմամբ զբաղվելու գաղափարը պատահական չի առաջացել իր մոտ։ Մշտապես քաղաքում շրջելիս նկատել է, որ պլաստիկե թափոնը շատ է՝ պլաստմասե արկղներից մինչև դույլեր։
«Մտածում էի ինչ անենք, որ վերամշակենք պլաստիկը, որի արդյունքում՝ և բիզնես կանեմ, և մեր քաղաքը կմաքրեմ պլաստիկից։ Որոշեցի սկսել, իհարկե՝ առաջնային նպատակ ունենալով բիզնեսը։ Սկզբից ամեն ինչ շատ հեշտ էր թվում։ Հետո ստացվեց այնպես որ անհրաժեշտ ոչ բոլոր հաստոցները կարողացա գնել, որպեսզի սկսեի վերամշակումը»,- ասում է Ռոբինզոն Կավրելիշվիլին։
2023 թվականին Կավրելիշվիլին կարողացել է ձեռք բերել պլաստիկի վերամշակման և արտադրության համար անհրաժեշտ արտադրամասերի և հաստոցների միայն 30 տոկոսը։
«Հաստոցների մի մասը կարողացա գնել, որոնք պետք էր, որպեսզի սկսեի աշխատել։ Աշխատանքն ընթացքի մեջ է, բայց դեռ արտադրություն չունենք, այսինքն՝ պրոցեսի տրամաբանական ավարտին չենք հասել»,- ասում է նա։
Արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ պլաստմասը պահեստավորել է։ Շարունակում է պրոցեսը։ Ասում է՝ չգիտեմ երբ կսկսեմ վերամշակումը, բայց այն որ արդեն կան մարդիկ, որոնք սովորել են ու անընդհատ ընդհանուր աղբից առանձնացնում են պլաստմասը և հանձնում, արդեն մեծ առաջընթաց է։
«Ունեցա գումարի խնդիր, որի պատճառով չհասա այն արդյունքին, որպեսզի արտադրանք ունենայի։ Այսօրվա դրությամբ ես այդ հաստոցները գնել չեմ։ Բայց ես պլաստիկ պահեստավորել եմ, որպեսզի երբ հաստոցները գնեմ, հումքի խնդիր չունենամ», – ասում է Կավրելիշվիլին։
Կավրելիշվիլին վերամշակումը պետք է հասցներ այն կետին, որ ստանար պլաստիկի թեփ (կռոշկա), սակայն իրանական շատ էժան պլաստիկի թեփը գրավել է Վրաստանի շուկան։
«Իրանն այնպես արեց, որ գներն իջավ, դա բիզնես է։ Հիմա չգիտեմ, եթե վաղը կամ մյուս օրը մի բան փոխվեց, գները փոխվեց, կշարունակեմ։ Այս պահ դրությամբ հաստոցների խնդիր ունեմ, որ կարողանամ սկզբից մինչև վերջ գնամ։ Հիմա արդեն չգիտեմ սկսածս գործը լավ է թե վատ։ Առաջին հերթին ուզում եմ կռոշկա ստանալ, վերջում տեսնենք, ամեն ինչ իր ժամանակին ու հերթականությամբ, մտածում եմ դույլ, թաս և այլ բաներ արտադրելու մասին», – ասում է նա։
Կավրելիշվինին հումքը տարբեր գներով է պահեստավորել։ Օրինակ․ 1 կգ պլաստմասը 40 թեթրիի է գնել, իսկ ցելոֆոնը՝ 80։ Ասում է՝ ամեն ինչ իր գինն ունի։ Մեր զրուցակիցը չի նեղվում, ժամանակի հետ ցանկացած դժվարություն կհաղթահարի և իր նպատակին կհասնի, այսինքն՝ Ախալքալաքում պլաստիկի վերամշակումն ու արտադրությունն իրականություն կդառնա, չնայած ֆինանսական ու շուկայում մրցակցային խնդիրներին։ Ընդգծում է՝ իր նպատակն է, ոչ միայն բիզնես անելը, այլև բնակչության մեջ աղբի նախնական տեսակավորման մշակույթ սերմանելն է։
Պլաստիկե թափոնները կուտակվելով զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Այդ թափոնների այրվելու դեպքում առաջանում են վնասակար քիմիական տարրեր, որոնք ոչ միայն աղտոտում են օդը, այլև ազդում են մարդու առողջության վրա։
Ախալքալաքի քաղաքային իշխանությունները «Թափոնների կառավարման» հնգամյա պլանում՝ 2023-26 թվականներին, մասնավորապես նշել են, որ աղբի տեսակավորման համար համապատասխան աղբամաններ են ձեռք բերելու: Ինչպես նաև 4 հատուկ տեխնիկա՝ թղթի, ապակու, պլաստիկի և օրգանական աղբի հավաքման և տեղափոխման համար: