Ախալքալաքի բնակիչների մոտ մշտական քննարկման թեմա է շտապ օգնության ծառայության հարցը։ Շատերը մտածում են, որ շտապ օգնության կանչը վճարովի է այլ քաղաքացիների համար։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Շտապ օգնության ծառայությունը անվճար է ցանկացած ժամանակ, յուրաքանչյուրի համար։
Շտապ օգնության պետական ծրագրի պարտականությունն է, արտակարգ իրավիճակներում բարդությունների և մահացու իրավիճակների դեպքում ժամանակին հասնել և իրավիճակը փրկել։
Շտապ բժշկական oգնության կենտրոնը մեզ պատասխանեց, որ շտապ օգնության ծառայությունից կարող են օգտվել, Վրաստանի քաղաքացիները, Վրաստանում գտնվող այլ երկրի քաղաքացիները և Վրաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձիք, բոլորն անվճար։
Ախալքալաքի շտապ օգնության կենտրոնի տնօրեն Երեմ Եզոյանը դա հաստատեց.
«Այո, շտապ օգնության պետական ծառայությունն անվճար է բոլոր երկրի քաղաքացիների համար։ Մենք չունենք վճարովի ծառայություն։ Օգնությունը բաձարձակ անվճար է, դեղամիջոցներով հանդերձ։ Կապ չունի անձը, որ երկրի քաղաքացի է, Ռուսաստանի, Թուրքիայի։ Ինչպես նաև նշանակություն չունի անձը բնակության իրավունք ունի, թե՝ ոչ», – ասաց Երեմ Եզոյանը։
Ըստ Եզոյանի տեղեկության, երկու տարի առաջ ծառայությունն անվճար է եղել միայն Վրաստանի քաղաքացիների համար, իսկ մնացածների համար ներքին կարգի համապատասխան վճարովի, սակայն հիմա արդեն երկու տարի է բոլորի համար բացարձակ անվճար է։ Իսկ Ախալքալաքում դեռ մտածում են, որ վճարովի է:
Ախալքալաքի բնակիչներից մի քանիսը Jnews-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք փող են տվել աշխատակիցներին, քանի որ նրանք են ուզել։
«Ինձ ասացին, որ պետք է 30 լարի վճարեմ, ես էլ վճարեցի, ով է ասում, թե անվճար է», – ասաց Ախալքալաքի բնակիչը, ով չի ցանկանում հրապարակել անունը։
Այս հարցի վերաբերյալ Երեմ Եզոյանը ասաց հետևյալը. «Մինչև հիմա ոչ ոք ինձ չի դիմել բողոքով։ Եթե, ինչ-որ մեկը տվել է, խնդրեմ թող ինձ դիմի, նույն րոպեին այդ հարցը կլուծվի։ Դա շատ խիստ հարց է, մեր ծառայությունը պետության կողմից հսկվում է։ Եթե ինչ-որ մի բժիշկ կամ աշխատող փող է ուզում, դա արդեն ոչ թե գործից հանելու հիմք, այլ դատական գործ է։ Փողի մասին խոսք լինել անգամ չի կարող, ոչ մեկ իրավունք չունի, բացառվում է», – շեշտեց Եզոյանը։
Եթե շտապ օգնության աշխատակիցները գտնում են, որ հիվանդին պետք է տեղափոխել հիվանդանոց, տեղափոխումը նույնպես անվճար է, սակայն հիվանդանոցի վճարումների հետ արդեն շտապ օգնության ծառայությունը կապ չունի։
Գայանե Ակոջյան