Համավարակի պատճառով բժշկի ներկայությունը յուրաքանչյուր մարդու կյանքում դարձել է ավելի զգալի, նրանց նկատմամբ պահանջներն ավելի են խստացել, իսկ բժիշկներն իրենք՝ ավելի խոցելի են դարձել: Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկներ Վեներա Մայթեսյանը և Անահիտ Ափոզյանը համավարակի ընթացքում իրենց վրա վերցրեցին լրացուցիչ պատասխանատվություն: Մեկը թերապևտ է, համավարակի սկզբից ի վեր, ընտանեկան բժիշկ է, որը խորհրդակցություն է տալիս կորոնավիրուսի հարցերով, մյուսը՝ վերակենդանացնող-անեսթեզիոլոգ, որը պատասխանատու է պատվաստման գործընթացի համար:

8

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցը

Բժշկի ամեն առավոտն Ախալքալաքում սկսվում է գավառական հիվանդանոցում, որի չափավորված կյանքը խաթարեց COVID-19 համավարակը: Ախալքալաքը 2020 թվականի սեպտեմբերից առաջ կանաչ գոտի էր համարվում: Աջարիայի, ծովային սեզոնից հետո հայտնվեցին առաջին հիվանդները, բայց առաջինը զանգվածաբար հիվանդացան շտապ օգնության բժիշկները, որոնց հաջորդեցին հիվանդանոցի մնացած բժիշկները և աշխատակիցները:

Վեներա Մայթեսյան. «Միայն Աստված և բժիշկը կարող են վերադարձնել այն աշխարհից»

Սպիտակ խալաթը, ակնոցները, վզին գցված ստետոսկոպը և վերջին երկու տարվա խորհրդանիշը` բժշկական դիմակը: Բժիշկ-թերապևտ Վեներա Մայթեսյանը «կիսվում» է երկու աշխատասենյակների միջև: Թերապևտի սենյակում նա հիվանդներին է ընդունում և ուղղորդագիր տալիս, իսկ պատվաստասենյակում կորոնավիրուսի դեմ պատվաստում է բուժառուներին: Իր թերապևտի մշտական աշխատասենյակում, սեպտեմբերից, նա հետազոտում է հիվանդներին, ուղղորդություն տալիս թեստավորման կամ կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժառուներին ընդունող վերապատրաստված այլ հիվանդանոցներ:

«Մեզ մոտ օրը չի սկսվում, մենք աշխատում ենք շուրջօրյա, բայց աշխատանքային գրաֆիկ ունենք: Կլինիկայում աշխատանքը սկսվում է ժամը 9:30-ին, այնուհետև հինգ րոպե տևող խորհրդակցությունն է, դրանից հետո մինչև երեկոյան հինգը կլինիկայում աշխատում ենք առանց ընդմիջման: Երբեմն ժամանակ ենք գտնում մի բան ուտելու համար», – պատմում է Վեներան:

Նա չի բողոքում աշխատանքի ծանրությունից: Նա մանկուց է ընտրել իր ճակատագիրը` գիտակցաբար:

1

Թերապևտ Վեներա Մայթեսյանը պատվաստման հարցաթերթիկի մեջ տվյալներն է գրանցում

«Ես 6-րդ դասարանում էի, կրտսեր եղբայրս վերադարձավ ճամբարից և հիվանդացավ մենինգիտով: Ծանր վիճակում էր: Եկավ մեր Բելլա Արմենակովնան (բժիշկ), նա փրկեց նրան: Այդ ժամանակ որոշեցի, որ եթե հնարավոր է հետ բերել հանդերձյալ կյանքից, ապա Աստծուց հետո դա կարող է անել բժիշկը: Ես որոշեցի բժիշկ դառնալ: Ավարտեցի Երևանի պետական բժշկական համալսարանը: Մինչ ասպիրանտուրա չհասա, վերադարձա հայրենիք, ճիշտ է ուզում էի շարունակել, բայց հայրս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նա ասաց. «Եթե դու մնաս Երևանում, ապա դա կլինի ընդմիշտ: Ես ուզում եմ, որ դու կողքիս լինես»: Այս խոսքերը բավական էին ինձ համար»:

2

Հիվանդանոցի ընդունարանը: Կորոնավիրուսի պիկի ժամանակ այստեղ շատ մարդիկ կային:

Ինչպես պատմում է թերապևտը, 2020 թվականի աշնանը կորոնավիրուսի պատճառով նրանք շատ ծանրաբեռնված էին, իսկ բնակչությունը խուճապի մեջ էր: Ստիպված էին օր ու գիշեր պատասխանել հեռախոսազանգերին:

«Սեպտեմբերից մինչև փետրվար ոչ մի րոպե հանգիստ չենք ունեցել: 20 թվականի սկզբին կային հազվագյուտ դեպքեր, որոնք չազդեցին մեր աշխատանքի վրա: Իսկ խուճապն արդեն աշնանն էր: Մարդիկ, անկախ նրանից հիվանդ էին, թե ոչ, արդեն վախեցած վիճակում էին: Նրանք ինքնաբուժմամբ էին զբաղվում, իսկ հետո գալիս էին բարդություններով, իհարկե դա շատ դժվար է»:

Ախալքալաքի բժիշկների մոտ վախ առաջացավ, երբ Վրաստանում կորոնավիրուսից մահացավ առաջին բուժաշխատողը՝ իրենց հիվանդանոցի գործընկերը:

«Մենք աշխատում էինք երկու դիմակ կրելով, օդափոխում էինք սենյակը: Երբ մեր գործընկերը մահացավ, դա մեծ սթրես էր, բոլոր մտածող մարդիկ վախ են զգում, բայց խուճապ չկար: Վախը կար և մինչև հիմա էլ կա, մենք վախի պատճառ ունենք, բոլորս կարող ենք հիվանդանալ, ուստի պետք է զգույշ լինել: Սա չարիք է ողջ մարդկության համար: Բայց մարդիկ պետք է պայքարեն այս հիվանդության դեմ: Մեր պայքարը մաքրություն պահպանելն է, զգուշանալը, շփումները նվազեցնելը, նույնիսկ շփման ժամանակ պետք է զգուշություն պահպանել»:

Վեներա Մայթեսյանը կորոնավիրուսի դեմ պայքարել է ամենաարդյունավետ եղանակով և այժմ օգնում է մյուսներին՝ հարցաթերթիկը լրացնելով և պատվաստման գործընթացը վերահսկելով: Դեռ բարդություններ չեն եղել:

«Ես ինքս Sinopharm-ով առաջին պատվաստվողներից մեկն էի, ես ոչինչ չեմ զգացել: Այն օրը, երբ Ախալցիխեում բուժքույրը մահացավ, հենց այդ օրը մենք գրանցվեցինք AstraZeneca-ի համար: Մենք սպասեցինք, որ 10 հոգի հավաքվեին: Հետո նրանք իմացան այդ դեպքի (խմբ. Ախալցիխեում, պատվաստումից հետո, հավանաբար բուժքրոջ մոտ զարգացել էր անաֆիլակտիկ շոկ, Մեգի Բաքրաձեն մահացել էր) մասին: AstraZeneca-ի նկատմամբ վերաբերմունքի վրա հիմնականում ազդում է այն, որ մենք չենք գտնում թրոմբների առաջացման պատճառը, և քանի որ կոնկրետ պատճառներ չեն հայտնաբերվել, այդ հանգամանքը վանում է: Պատվաստանյութի ընտրությունը հիվանդի ընտրությունն է: Ես հավատում եմ, որ պատվաստանյութը կփրկի: Այդ դեպքում մեր փրկությունը կլինի դադարեցնել բոլոր վատ ելքով դեպքերն ամբողջ աշխարհում: Եթե հետադարձ նայենք պատմությանը, բոլոր հիվանդությունները կանխվել են պատվաստանյութերով»:

4

Պատվաստումից հետո բժիշկը հիվանդի մոտ մնում է 30-45 րոպե

Սեփական կյանքի համար վախ կա, բայց ավելի շատ են անհանգստություններն ու ցավերը, երբ անհնար է փրկել հիվանդին: Վեներայի համար մեծ հարված է, երբ նա անշնորհակալություն է զգում հիվանդներից կամ նրանց հարազատներից:

«Իմ հիվանդների շրջանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, ոչ մի դեպք: Բայց այն հիվանդներից, որոնց ես ուղղորդել եմ հոսպիտալացման, երկու դեպք եղել է, նրանք քրոնիկ հիվանդություններ ունեին: Չկան բժիշկներ, ովքեր մահանում կամ վերակենդանանում են հիվանդի հետ միասին: Բժշկի համար հիվանդի ցանկացած վիճակ ցավ է առաջացնում: Բժիշկը սովորական մահկանացու է, հոգնում է, բայց որքան էլ հոգնած լինի, նա երբեք չի հրաժարվի հիվանդից: Բժիշկը հասարակության աջակցության կարիքն ունի: Դու կարող ես բուժել 1000 հիվանդի, բայց եթե նույնիսկ մեկ դժբախտ դեպք է լինում, և նույնիսկ ոչ քո մեղքով, ապա արդեն քեզ անվանում են վատ բժիշկ: Ոմանք առանց հասկանալու հարձակվում են բժշկի վրա: Նրանք բերում են հիվանդին և անմիջապես ասում «ի՞նչ ես անում, ինչու՞ ես կանգնած, շտապի՛ր, արագ սրսկի՛ր», իսկ դու նույնիսկ չգիտես, թե ինչ է պատահել հիվանդին, դու չես հասցրել նույնիսկ ճնշումը չափել: Նման դեպքերը հիասթափեցնող են»:

7

Ռեանիմոբիլով պացիենտներին տեղափոխում են մայրաքաղաք կամ այլ քաղաք, դրա ուղղորդումը տալիս է բժիշկը

Բժիշկն այսօր Ախալքալաքում ապրում է միայնակ: Դուստրերը հաջողության են հասել այլ վայրերում: Տանը նա շարունակում է հեռախոսով հիվանդներին խորհուրդներ տալ, կամ հարևաններն են գալիս խորհուրդ հարցնելու: Վեներայի ամուսինը՝ Մայթեսյանը, նույնպես բժիշկ էր: Հուլիսին Վեներան երկու շաբաթով արձակուրդ կարողացավ վերցնել: Երկու տարի չէր տեսել իմ երեք դուստրերին:

«Իմ երեխաներն ասացին, որ բժիշկ չեն դառնա, ասում էին, որ չեն ցանկանում իրենց երեխաներին մենակ թողնել, ինչպես մենք արեցինք: Բայց չնայած դրան, ավագ դուստրս միևնույն է ընտրեց բժշկի մասնագիտությունը, նա աշխատում է Լոնդոնում՝ որպես ակնաբույժ: Երկրորդ դուստրս մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա աշխատում է որպես ՏՏ ընկերության գործադիր տնօրեն: Երրորդ դուստրը մի կազմակերպությունում աշխատում է որպես իրավաբան: Նրանք ապրում են Հայաստանում»:

Անահիտ Ափոզյան. «Շատ դժվար է ապրումները, երբ հասկանում ես, որ ոչ մի բանով օգնել չես կարող»

Ախալքալաքի հիվանդանոցի երրորդ հարկում վիրահատարանն է, իսկ հարևանությամբ վերակենդանացման բաժանմունքն է: Այստեղ մարդաշատ չէ ու հանգիստ է, բայց ամենից շատ ապրումներն այստեղ են, քանի որ ամեն րոպե պետք է պայքարել ամեն մի կյանքի համար: Անահիտ Ափոզյանն աշխատում է համակարգչի դիմաց, բժշկի գրասենյակում ամենուրեք բժշկական պատմությունների կույտեր են: Անահիտն իր կյանքի մեծ մասն անցկացնում է հիվանդանոցում, սակայն իր՝ բժշկությունը ժառանգած մասնագետի համար, սա սովորական կյանք է:

«Ես սովորել եմ հեռավոր Բլագովեշչենսկ քաղաքում: Իմ ընտանիքում հայրս բժիշկ է, իհարկե, սա իմ մեջ արմատավորվել է մանկուց: Ես շատ լավ էի սովորում դպրոցում և գնացի սովորելու այնտեղ, որտեղ սովորում էր հայրս: Ճիշտ է, սովորում էի այլ մասնագիտություն, այնուհետև անցա բոլորովին այլ մասնագիտության: Իմ առաջնային մասնագիտությունը մանկաբարձ-գինեկոլոգն էր: Բայց երբ ես եկա Ախալքալաք, նախկին անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սուրեն Վարդանովիչը, ով նույնպես շատ լավ բժիշկ է, հիվանդացավ: Ինձ այնտեղ օգնության կանչեցին՝ որպես երկրորդ մասնագետ: Թեպետ չէի մտածում, որ կմնամ Ախալքալաքում, բայց ավարտեցի դասընթացներ, հանձնեցի քննություններ նոր մասնագիտության գծով և արտոնագիր ստացա: 2004 թ.-ից աշխատում եմ որպես լիցենզավորված անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ»:

10

Բժշկական պատմությունների կույտն Անահիտ Ափոզյանի աշխատասենյակում

Անահիտի օրը ծանր է, ծանր հիվանդներ են գալիս նրա մոտ, բայց նա չի էլ մտածում իր աշխատանքը թողնելու մասին: Փրկված կյանքերը նրա համար խթան են հանդիսանում:

«Այս աշխատանքը չի գնահատվում: Բնակչության հետ կապված խնդիրներ կան, նրանք մշտապես մեզ հետ հակամարտություններում են:
Բայց մենք, չնայած այս բոլոր թյուրիմացություններին, մեզ մոտ տեղի ունեցած բոլոր տհաճ իրավիճակներին, մենք մեզ ամբողջ հոգով նվիրվում ենք հիվանդներին: Շատ լուրջ դեպքեր ենք ունեցել: Փաստացի, վերջին գրեթե 18 տարիների ընթացքում ես ֆիզիկապես մենակ եմ քաշել այս ամենը: 2002-ին այստեղ տեղափոխվելուց հետո՝ 19 տարի է, մենք ունենք շատ լավ պայմաններ: Քանի որ սա եվրոպական չափանիշների հիվանդանոց է»:

Անահիտը, ինչպես և մյուսները, վարակվել էր կորոնավիրուսով, բայց ավելի շատ անհանգստանում էր իր ընտանիքի համար: Կորոնավիրուսից մահացավ նրա սկեսուրը:

«Սա շատ լուրջ վիրուս է, այն չպետք է մակերեսորեն բուժվի: Եթե չորրորդ ալիքը գա, լուրջ բարդություններ կլինեն: Հիմա ես հասկանում եմ, որ միակ փրկությունը երկփուլ պատվաստում անցնելն է: Երբ սկսվեց երկրորդ ալիքը, ցավոք ամեն ինչ սկսվեց մեր բժիշկներից, հիվանդացան շտապ օգնության բժիշկները: Գործնականում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների գրեթե 80%-ը հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ ժամանակ բժիշկներ չմնացին և վիրահատող չկար, վիրաբույժները բոլորը միաժամանակ հիվանդացան, բոլոր թերապևտները, միանգամից շտապ օգնության բաժանմունքը, քանի որ մեր աշխատանքը փոխկապակցված է շտապօգնության հետ, դե նրանք էլ առաջնագծում են: Բոլորը հիվանդացան, և մեկ ժամանակահատվածում մենք առաջին օղակում հայնտվեցինք, այդ թվում՝ ես»:

12

Ախալքալաքի հիվանդանոցը հագեցած է վիրուսի դեմ պայքարելու համար

Որպես հիվանդանոցի միակ վերակենդանաբան՝ Անահիտը ներգրավված էր պատվաստման գործընթացում: Բրիգադում աշխատում է երեք մարդ, այդ թվում` վերակենդանաբան, եթե հանկարծ բարդություններ առաջանան: Սկզբում Անահիտը յուրաքանչյուր պատվաստման ժամանակ լարված էր աշխատում, քանի որ Ախալցիխեում բուժքրոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո պատասխանատու բժիշկները նույնպես լարվածություն էին զգում, սակայն հիմա Անահիտը միայն ներկա է, ինչպես ինքն է ասում, «կասկածելի» դեպքերի ժամանակ:

«Մենք չենք ունեցել բարդությունների ոչ մի դեպք: Փոքր ռեակցիաներ, ինչպիսիք են գլխապտույտը, սրտխառնոցը՝ դրանք ոչինչ չեն ներկայացնում: Սա ավելի շատ պատվաստվածների հուզական պահվածքն է: Նախ, պատվաստանյութի ուժի մեջ մտնելու համար պետք է անցնի 15-20 րոպե: Սա նյարդայնությունից է, ինքնաներշնչանք: Մի ժամանակ Թբիլիսիից շատ մարդիկ էին գալիս, հիմա մերոնք ավելի շատ են, կնշեմ, որ նրանք գիտակցաբար են գալիս պատվաստվելու»:

14

Սուր ընթացքով կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հատուկ պալատը: Մինչ այստեղ մտնելը բժիշկները կրում են հատուկ պաշտպանիչ համազգեստ:

Անահիտը մոռանում է իր զգացմունքների մասին միայն այն ժամանակ, երբ գալիս է հաջորդ ծանր պացիենտը:

«Շատ դժվար են ապրումները, երբ գիտակցում ես, որ ոչնչով հնարավոր չէ օգնել: Առաջին երկու օրերը վերապրում ենք, օրերն անցնում են, հետո հաջորդ հիվանդն է գալիս: Անհույս և անբուժելիներին, ցավոք, ոչ մի կերպ չես կարող օգնել: Ոչ մի բժիշկ չի ցանկանում, որ նույնիսկ 10%-ը ստանան բարդություններ կամ վատ ելքով ավարտ ունենան: Բոլոր բժիշկները փորձում են ապահովել, որ ցանկացած հիվանդ ստանա որակյալ բուժում, առանց բարդությունների, որ ցանկացած անեսթեզիա, վիրահատություն բարեհաջող ավարտվի»:

Անահիտն ու Վեներան գրեթե ժամանակ չունեն իրենց ընտանիքների համար, մասնագիտությունը ամրագրում է նրանց գրեթե ողջ ժամանակը: Նրանց կյանքը պայքար է հիվանդների կյանքերի համար: Նրանց կյանքը պարտության սթրեսն է և փրկության ուրախությունը, դա հիվանդների նախատինքն է և երախտագիտությունը, ինչը խթան է հանդիսանում, որ նրանք կանգ չառնեն, հատկապես համավարակի դժվարին պահին:

Քրիստինե Մարաբյան