Երեկ, Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի սաներն իրենց ուսուցիչների համար տոն էին կազմակերպել՝ Ուսուցչի օրվա առթիվ: Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հրավիրեվել էին նաև այս տարի թոշակի անցած ուսուցիչները:
Այս տարի Ուսուցիչների միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 5-ին, բայց Ախալքալաքի դպրոցների աշակերտները հիմնականում այն նշում էին երեկ՝ հոկտեմբերի 4-ին, որպեսզի բոլոր ուսուցիչները դպրոցում լինեին: Ուսուցիչների համար այս օրն անսովոր տոնական էր, քաղաքի բոլոր դպրոցներում կազմակերպվել էր միջոցառումներ ուսուցիչների համար, ուսուցիչները ժպիտները դեմքին, ծաղկեփնջերով քայլում էին դպրոցների միջանցքներով և քաղաքով: Թիվ 4 դպրոցի դահլիճում նույնպես տոնական տրամադրություն էր, աշխակերտները դահլիճը զարդարել էին փուչիկներով, պատվիրել էին տորթ, պատրաստել ըմպելիքներ և խորտիկներ իրենց սիրելի ուսուցիչների համար:
Այս դպրոցի ուսուցիչները ենթադրում էին, որ աշակերտները ինչ-որ բան էին պատրաստում, բայց ինչ էր նրանց սպասվում՝ չգիտեին, դա անակնկալ էր: Ուսուցիչների համար աշակերտների ուժերով պատրաստվել էր նաև փոքրիկ միջոցառում, որին հրավիրվել էին կենսաթոշակային տարիքի ուսուցիչները, որոնք թոշակի են անցել ԿԳՆ-ի բարեփոխումների համաձայն:
Անակնկալի կազմակերպիչները հիմնականում 12-րդ դասարանցիներն էին, բայց բոլոր աշակերտներն էլ մասնակցություն էին ունեցել:
Աշակերտները երգեցին, կարդացին բանաստեղծություններ, որոնք նվիրված էին ուսուցիչներին և նրանց գործունեությանը 4 լեզուներով՝ հայերենով, ռուսերենով, վրացերենով և անգլերենով, պարեցին վրացական պար, երգեցին կիթառի ներքո: Ուսուցիչներն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին իրենց համար կազմակերպված միջոցառման համար: Հատկապես հուզված էին այն ուսուցիչները, ովքեր պետք է թողնեին իրենց սիրելի գործը:
Աշակերտները, հրավառության փայլփլուկների ներքո ծաղիկներ նվիրեցին ներկա բոլոր ուսուցիչներին: Այսպես ավարտվեց ուսուցչի օրը Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցում: