Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) էլեկտրոնային անդորրագրերի ծառայության մեջ ավելացրել է նոր գործառույթ, որով քաղաքացիները կարող են արագ ստուգել էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի ծախսերը։

Ըստ GNERC-ի՝ նոր գործառույթի շնորհիվ սպառողն այլևս ստիպված չի լինի դիմել կոմունալ ընկերությոանը կամ զանգահարել զանգերի կենտրոն: Բաժանորդը հեշտությամբ և արագ բացատրություն կստանա կոմունալ ընկերությունից՝ բջջային հեռախոսահամարով հավաքագրելով USSD-կոդը՝ *303#: Այսպիսով, բաժանորդը կարող է ցանկացած պահի ստուգել իր ծախսերը:

Նոր գործառույթը նպատակ ունի բարելավել սպասարկման որակը և դյուրացնել սպառողի և կոմունալ ընկերության միջև հաղորդակցությունը:

USSD-կոդը (*303#) կարող են գործածել MagtiCom, Silknet և Beeline բջջային օպերատորների բաժանորդները:

Ծառայությունը չի պահանջում ինտերնետի հասանելիություն, հատուկ ծրագրի ներբեռնում: Այն հասանելի է բոլոր տեսակի բջջային հեռախոսների համար, ծառայությունն անվճար է և հասանելի է Վրաստանի ողջ տարածքում։

Բացի ցուցումները ստուգելուց, գործառույթը կարող է տրամադրել կոմունալ ծառայությունների մասին ողջ տեղեկատվությունը:

Մասնավորապես, սպառողը կարող է արձանագրել վթարային անջատումը` արագ և օպերատիվ արձագանքելու համար, մատակարարման հետ կապված խնդիրները՝ ցածր ճնշումը, հոսանքի տատանումները, հաճախակի անջատումները, ինչպես նաև ստանալ էլեկտրոնային անդորրագիր և ընթացիկ հաշվեկշիռը, ավելացնել բջջային հեռախոսահամարը ցանկալի բաժանորդի համարին կամ ջնջել ավելորդը:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով GNERC-ը դեկտեմբերի 15-ից ներմուծել է պարտադիր էլեկտրոնային անդորրագրեր։ Էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառողները կոմունալ ծառայությունների համար կտրոնները ստանում են էլեկտրոնային տեսքով՝ բջջային հեռախոսին կարճ SMS հաղորդագրության միջոցով:

Նաև հաճախորդի խնդրանքով անդորրագիրը կարելի է ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով, օգտատիրոջ կողմից վճարման ենթակա գումարի և այլ կարևոր հարցերի հետ մեկտեղ, ներառում է նաև մանրամասն հաշվարկային տեղեկություններով հղում և հասանելի է երեք տարի ժամկետով: Օգտատերը ցանկացած պահի կարող է ներբեռնել այն PDF և JPG ձևաչափերով:

Ի տարբերություն տպագիր կտրոնի, էլեկտրոնային անդորրագիրը չստանալու կամ ջնջելու դեպքում *303# համարով կարող եք կրկին պահանջել այն, ինչպես նաև ստուգել հաշվեկշիռը և ստանալ այլ տեղեկություններ։