Թեքված սյունը, որը գտնվում է Աղմաշենեբելի փողոցի նորակառույց զբոսայգու կենտրոնում, ապամոնտաժվելու է:
Ախալքալաքի բնակիչները հետաքրքրված են, թե կհանվի արդյո՞ք այն թեքված սյունը, որը գտնվում է կառուցվող զբոսայգու կենտրոնում: Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, այս հարցով նրանք արդեն կապ են հաստատել «Silknet» ընկերության հետ, որին էլ պատկանում է այս սյունը:
«Այս հարցով Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անունից նամակ է ուղարկվել, բայց առայժմ պատասխան չկա», – ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Աշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ սյունը մեծապես խանգարում է սալաքարերի տեղադրմանը: Ներկայումս այգում իրականացվում են կառուցապատման աշխատանքներ: Թեքված սյունը տպավորություն է թողնում, որ ուր որ է այն վայր կընկնի վրայի մալուխներով հանդերձ, սակայն, ըստ «Silknet»-ի, սյունը քաղաքի բնակիչների համար վտանգ չի ներկայացնում: Ըստ «Silknet»-ի ներկայացուցիչ Օթար Վախթանգիշվիլիի՝ իրենք տեղյակ են խնդրի մասին և շուտով հին սյունը հեռացնելու են այգուց:
«Մենք տեղեկացրել ենք մեր ղեկավարությանը, և նրանք խոստացել են հնարավորինս արագ լուծել այդ հարցը», – ասում է նա:
Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, զբոսայգու շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջ, այնուհետև այգին հասանելի կլինի տեղի բնակիչներին:
Զբոսայգու շինարարությունն ընթացքի մեջ է, որը ֆինանսավորվում է Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից 65%-ով, տեղական բյուջեից՝ 35%-ով: Գաղափարը և նախագիծը Ախալքալաքի սպասարկման կենտրոնինն է: Նախագծի ընդհանուր գումարը 75,000 լարի է:
Սկզբում աշխատանքներ են տարվել տեղական բյուջեի համար հիմքը նախապատրաստելու ուղղությամբ: Այնուհետև աշխատանքները զբոսայգու կառուցման ուղղությամբ սկսվեցին LAG-ի հատկացրած միջոցներով:
Բրատիսլավ Իգիթխանյան