Հուլիսի 17-ին, Ախալքալաքում համերգով է ներկայացել ռուս դաշնակահար Պոլինա Օսետինսկայան, ով ժամանել է Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ, Գերաշնորհ Նիկոլոզ Պաճուաշվիլիի հրավերով: Ախալքալաքում վրացական եկեղեցուն կից գործող թանգարանի երկրորդ հարկում, որը հատուկ կառուցված է համերգասրահի տեսքով, դաշնակահարը կատարել է Բախի ստեղծագործությունները:
Միջոցառումը սկսվեց Նիկոլոզ Պաճուաշվիլիի կարճ ներածական խոսքով, ով պատմեց համերգի նախապատմությունը, դաշնակահարին ներկայացրեց հյուրերին և ծանոթացրեց նրա կատարած ստեղծագործություներին: Հրավիրվածների թվում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ բնակիչներ:
Թանգարանի բակում փոքրիկ ֆուրշետային սեղանից հետո հյուրերը մտան սրահ: Համերգի առանձնահատկությունն այն էր, որ Պոլինան կատարյալ մթության մեջ կատարեց Բախի «Գոլդբերգի վարիացիաները»: Համերգի ընթացքում հյուրերը ստիպված էին հեռախոսները դնել հատուկ պահարանում, նկարահանումներն արգելվում էին, որպեսզի ոչինչ չխանգարի ոչ հանդիսատեսին, ոչ էլ արտիստին:
Մեկուկես ժամ դահլիճը խորասուզվեց երաժշտության հմայիչ աշխարհ և ստացավ իսկական գեղագիտական հաճույք: Պոլինան իր կատարմամբ գրավեց ոչ միայն Բախի ստեղծագործություններով գայթակղված հանդիսատեսին, այլև նրանց, ովքեր առաջին անգամ էին ծանոթանում Բախի ստեղծագործական աշխահին: Ներկայացման ավարտին հանդիսատեսը ծափահարություններով ողողեց դաշնակահարին:
Պոլինա Օսետինսկայայի խոսքով՝ իրեն դուր եկավ Ախալքալաքի հանդիսատեսը, այն ուշադիր էր ու հաճույքով էր ունկնդրում համերգը:
«Այդ երեկո ես պատրաստեցի լոբիո՝ վրացական ուտեստ: Եվ ես սկսեցի մտածել, թե ի՞նչ ենք անելու ամռանը: Եվ այդ պահին Գերաշնորհը զանգահարեց և ինձ հրավիրեց ամռանը ելույթ ունենալ Վրաստանում: Ես որոշեցի, որ դա փառահեղ մտադրություն է: Ես շատ էի անհանգստանում, բայց ամեն ինչ լավ անցավ: Մենք արդեն հասցրել ենք զբոսնել շրջակայքում, ամեն ինչ ինձ շատ դուր եկավ», – կիսվում է դաշնակահարը:
«Մաքուր երաժշտության մեկուկես ժամ» – այսպես բնութագրեց Մետրոպոլիտն այսօրվա համերգը:
«Ինձ կարող են անվանել փորձառու ունկնդիր: Ես սիրում եմ երաժշտություն, հատկապես լավ երաժշտություն: Բայց ինձ համար ամբողջ երաժշտությունը բաժանված է երկու մասի` Բախը և մնացած ամեն ինչ: Աշխարհում շատ քիչ կատարողներ կան, ովքեր կարող են նվագել Բախ: Ես Պոլինային գտա բացարձակապես պատահաբար՝ համացանցում: Հետո ես գտա նրա պաշտոնական կայքը, հայտարարված էր համերգ, հատուկ նրա համար գնացի համերգին, ներկա գտնվեցի նրա համերգին Մոսկվայում: Այդտեղ մենք պայմանավորվեցինք, որ նա համերգով կներկայանա մեր քաղաքում, եթե լինեն համապատասխան պայմաններ», – մեկնաբանեց Ախալքալաքի և Կումուրդոյի Մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին:
Պայմանները ենթադրում էին գործիքը, և կատարման համար 50 000 եվրո արժողությամբ դաշնամուր էր վերցվել երեք օրվա համար:
Համերգից հետո հյուրերին առաջարկեցին հյուրասիրտություն, ինչպես նաև սկավառակներ՝ Պոլինա Օսետինսկայայի կատարումների ձայնագրություններով: