Ախալքալաքի Աղմաշենեբելի կենտրոնական փողոցում տարվում են վերանորոգման աշխատանքներ: Ճանապարհի կառուցման տենդերը շահել է մի ընկերություն, սակայն աշխատանքներն իրականացնում է մեկ այլ՝ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Կապալառուն խոստանում է մինչև ամսվա վերջ 5 կմ հատվածի ասֆալտապատումն ավարտին հասցնել:
Արդեն չորրորդ ամիսն է, ինչ ընթանում է Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում կենտրոնական ճանապարհով երթևեկությունը սահմանափակ է: Այս փուլում Աղմաշենեբելի փողոցում իրականացվում են ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները: Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության աշխատակիցների, հիմնական աշխատանքներն արդեն արվել են, մնում է միայն ասֆալտապատել:
Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի, Ախալքալաքում ասֆալտապատումն արդեն կավարտվի մինչև հոկտեմբերի վերջ, եթե եղանակը չխանգարի:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություն՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»:
Տենդերը շահել է «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով:
Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեն բոլոր հարցերին պատասխանում է, որ հարկավոր է դիմել մյուս ընկերությանը:
Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենի` իրենք հանդիսանում են այն ընկերության՝ «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն, որն էլ շահել է այս նախագծի տենդերը:
«Ես կապալառուն եմ, այս պահին ես եմ կատարում բոլոր աշխատանքները», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն:
Ըստ Ճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցչի, տենդերը շահած ընկերությունը կարող է պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ, որպեսզի այն օգնի աշխատանքներն իրականացնելու հարցում:
Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում հիմնական պատասխանատվությունը տենդերը շահած ընկերության ուսերին է:
Բրատիսլավ Իգիթխանյան