Էրգնեթիում տեղի ունեցած Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվող տեխնիկական հանդիպումը կրկին ավարտվել է անարդյունք: Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի ՊԱԾ տեղեկա-վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն, օկուպացված Ցխինվալիի ներկայացուցիչները պատրաստ չեն տեղում իրավիճակը կառուցողական ձևով քննարկելու:
Անթաձեն հայտարարում է, որ տեխնիկական հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցը Չորչանա գյուղի մերձակայքում տեղի ունեցող գործընթացներն էին:
«Ցավոք, Ցխինվալիի մասնակիցները կրկին պատրաստ չէին կառուցողական երկխոսության: Մասնավորապես, մեր պահանջն այն էր, որ Ծաղվլի-Չորչանա հարակից տարածքում գտնվող անտառում դադարեցվեն բոլոր ապօրինի գործողությունները, ինչը գործոն է հանդիսանում նրա, որը տեղում լարված իրավիճակ է ստեղծում: Ընդհակառակը, նրանք բարձրաձայնեցին բազմիցս հայտարարված դիրքորոշումը, որ վրացական ոստիկանության ստանդարտ պահակակետը պետք է հանվի, ինչը անթույլատրելի է: Այս անցակետը գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև Ժնևի միջազգային բանակցությունների հաջորդ փուլում, որոնք տեղի կունենան հաջորդ շաբաթ», – հայտարարել է ՊԱԾ տեղեկա-վերլուծական բաժնի փոխտնօրենը:
Բացի այդ, Իրակլի Անթաձեն նշել է, որ ցանկացած տեսակի ապօրինի ակտիվություն նպաստում է տեղում անկայուն իրավիճակի պահպանմանը: