Ախալքալաքի յուրաքանչյուր բնակիչ անհանգստացած է այն հարցով, արդյո՞ք մինչև ձմեռ կասֆալտապատվի Աղմաշենեբելի փողոցը: Շինարարներն ասում են, որ կփորձեն ավարտին հասցնել Ախալքալաք տանող ճանապարհի հատվածի ասֆալտապատումը, թեև նշում են, որ նրանք գրեթե մեկ տարի ժամանակ ունեն` ավարտին հասցնելու Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը:

Արդեն երրորդ ամիսն է, ինչ ընթանում է Ախալքալաքի Աղմաշենեբելիի փողոցի վերականգնումը, որի արդյունքում քաղաքի գլխավոր փողոցով երթևեկությունը սահմանափակ է: Բնակիչները վախենում են, որ մինչ ձմռան գալը ճանապարհը չի ասֆալտապատվի և այս փողոցում սահմանափակված ու բարդացած երթևեկությունը կձգվի մինչև հաջորդ տարվա կեսը:

Այս փուլում, Աղմաշենեբելիի փողոցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Վարորդները բողոքում են, որ փոսերը և ասֆալտի բարձր, կտրված ծայրերը թանկ են նստում վարորդների վրա, ուստի բոլորը ցանկանում, որ այս հատվածը հնարավորինս արագ վերանորոգվի:

2019 թ.-ի օգոստոսի 16-ին, Jnews-ի հետ հարցազրույցի ժամանակ, «N1 ճանապարհաշինության վարչություն» ընկերության մենեջեր Նուկրի Աբալակին պնդում էր, որ Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 5 կմ-ը, որը գտնվում է Ախալքալաք քաղաքում, կվերանորոգվի արագացված ռեժիմով:

Jampa-1

Վերականգնման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցել էր 4 ընկերություն, բայց այն շահել էր «N1 ճանապարհաշինության վարչություն»-ը` 14.749.992.92 լարիով:

Սակայն, այս պահի դրությամբ, Աղմաշենեբելիի փողոցում վերանորոգման աշխատանքներն իրականացնում են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցները:

Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի, դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները: Այս հատվածի վերականգնումն արագ ավարտելու համար ընկերությունը մեծացրել է աշխատողների թիվը և սարքավորումների քանակը:

«Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ կավարտենք, մենք դեռ ժամանակ ունենք մինչև հաջորդ տարի, հավանաբար, կավարտենք մինչև տարեվերջ», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:

Jampa-2

Ընդհանուր առմամբ կվերականգնվի Ախալցխա-Նինոծմինդա 70-րդ կմ-ից 86 կմ ավտոճանապարհի 16 կմ-ոց հատվածը:

Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:

Բրատիսլավ Իգիթխանյան