Վերջին օրերին սոցիալական ցանցերում և Ախալքալաքում քաղաքի բնակիչները ակտիվորեն քննարկում են, որ գեղեցկության սրահներից մեկում հաճախորդները վարակվել են C հեպատիտով: Ախալքալաքի Առողջության հասարակական կենտրոնի տնօրենը հերքում է տարածված լուրերը: Իրենք երեք օր առաջ են հերթական ստուգումներն անցկացրել և նման բան չկա:

Jnews-ի հարցին, թե Առողջության հասարակական կենտրոնը տեղյակ է, արդյո՞ք սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից ակտիվորեն քննարկվող՝ հեպատիտ C-ով վարակի դեպքի մասին:

«Չէ, այդպիսի բան չկա, սուտ է: Մենք վերջին անգամ երեք օր առաջ ենք պլանային ստուգումներ անցկացրել քաղաքի գրեթե բոլոր գեղեցկության սրահներում, նման բան չկա: Երևի մի երկու սրահ չենք ստուգել: Խախտումներ կան, որոնց մասին զգուշացրել ենք: Կեսը ջուր չունի, կեսը դիզինֆեկցիայի պարագաներ չունի, մյուսների սանիտարահիգենիկ վիճակը նորմալ չէ: Եթե նման բան լիներ, ապա ահազանգն առաջինը մենք կստանայինք, դա սուտ է»,- ասաց Ախալքալաքի Առողջության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

Կենտրոնի չորս հոգուց բաղկացած խումբը երեք օր առաջ է ավարտել հերթական ծրագրված ստուգումները քաղաքի գեղեցկության սրահներում: Ստուգվել է մոտ 20 գեղեցկության սրահ: Ավետ Տոնականյանի խոսքերով ընդամենը երկու սրահ չեն հասցրել ստուգել և, որ ամեն ինչ կարգին է:

Առողջության հասարակական կենտրոնի տվյալներով, այսօրվա դրությամբ Ախալքալաքի շրջանում հեպատիտ C վարակով հիվանդներ չկան:

Ախալքալաքում հեպատիտ C-ով 6 հիվանդ կա

Հեպատիտ C վարակի ստուգում Ախալքալաքում

Հեպատիտ C-ն վարակ է, որը կարող է մի մարդուց մյուսին անցնել բոլոր այն ճանապարհներով, որոնցով հնարավոր է արյան ներթափանցումը օրգանիզմ: Այն հնարավոր է ձեռք բերել նաև ներարկումներ ստանալիս, սուր, կտրող գործիքներ օգտագործելիս, դաջվածք և փիրսինգ անելիս, ատամնաբույժի ծառայություններից օգտվելիս:

Հեպատիտ C-ի առաջին նշանները

Հեպատիտ C-ի ինկուբացիոն (գաղտնի) շրջանը 2-12 շաբաթ է տևում: Հիվանդությունը սկզբնական շրջանում աստիճանաբար է զարգանում: Առաջին ախտանշաններն են՝ թուլություն, ֆիզիկական ակտիվության նվազում, ախորժակի վատացում, սննդի մարսման դժվարություններ ու ծանրության զգացողություն:

Կասկածների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետներին և մի շարք անալիզներ հանձնել: Վերոհիշյալ նշանները, իհարկե, կարող են նաև այլ ահազանգ լինել, դրա համար էլ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե ըստ ձեզ ի´նչ ճանապարհով եք վարակվել, արդյոք ռիսկային գոտո՞ւմ եք և արդյոք վարակվելու առիթ եք ունեցել: