Ախալքալաքում հեպատիտ C-ով գրանցված է 6 հիվանդ, ովքեր անվճար բուժում են ստանում պետական ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի Հասարակական առոջապահության կենտրոնը:

Վրաստանում 2016 թվականից սկսած ինֆորմացիոն ակտիվ արշավ է տարվում բնակիչների շրջանում: Անվճար սքրինինգ կենտրոններ են գործում Վրաստանի բոլոր շրջաններում և խոշոր քաղաքներում, մոտավոր 600 բժշկական հաստատություն անվճար սպասարկում է մարդկանց: Մեր երկրում 45 հազար մարդ ներառված է պետական ծրագրում և նրանք բուժում են ստանում հեպատիտ C-ի դեմ:

«6 հոգի ունենք, որ C հեպատիտով են հիվանդ, նրանց բուժումն անվճար է: Մեզ նախարարությունից են ուղարկել հիվանդների տվյալները և ըստ ազգերի մեր աշխատակիցները կարողացել են գտնել նրանց: Բոլոր 6 հիվանդներից էլ արյուն ենք վերցրել և ուղարկել ենք լաբորատորիա հետազոտման»,- ասաց Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

Աշխարհում հեպատիտ C-ի բուժման կուրսն արժե մոտավոր 80-100 հազար դոլար, իսկ Վրաստանի քաղաքացիների համար այն անվճար է:

Հեպատիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որն սկսում է զարգանալ, երբ վիրուսն օրգանիզմ է ընկնում եւ կարողանում է հիմնավորվել այնտեղ: Հեպատիտ C-ն նաեւ «քաղցր մարդասպան» են անվանում, քանի որ այն մեղմորեն, բայց անխղճորեն հարձակվում է մարդու կարեւորագույն օրգաններից մեկի՝ լյարդի վրա:

Որտե՞ղ եւ ինչպե՞ս կարելի է վարակվել հեպատիտ С-ով

Հեպատիտ С-ի վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, ընդ որում, վարակիչ են ոչ միայն ակտիվ հեպատիտ С ունեցող մարդիկ, այլեւ քողարկված վիրուսակիր հիվանդները: Այդպիսի հիվանդությամբ կարելի է վարակվել բուժհաստատություններում (օրինակ՝ ստոմատոլոգիական կենտրոնում), լաբորատորիայում, գինեկոլոգիական հետազոտությունների, արյան փոխներարկումների կամ էլ վիրահատական միջամտությունների դեպքում, եթե գործիքները չեն վարակազերծվել), գեղեցկության սրահներում (դաջվածքներ, պիրսինգներ եւ մանիկյուր անելու դեպքում) եւ նույնիսկ վարսավիրանոցներում: Հեպատիտ կարելի է ձեռք բերել անպաշտպան սեռական ակտի եւ թմրամիջոցների ներերակային օգտագործման դեպքում: Հեպատիտը կարող է նաեւ փոխանցվել «ուղղահայաց» ճանապարհով՝ մորից փոխանցվելով երեխային (ծննդաբերության ժամանակ):

Հեպատիտ C-ի բուժումը սովորաբար բավականին երկար է տեւում եւ մեծ գումարների հետ է կապված: Ճիշտ մոտեցման դեպքում հիվանդների մոտ 60%-ն ազատվում է վիրուսից, իսկ 40%-ի մոտ էլ ռեցիդիվ է նկատվում, որը այլ մոտեցումների կիրառմամբ հետագա բուժում է պահանջում: Ամեն դեպքում, բուժման արդյունավետության չափանիշ է համարվում կայուն կենսաքիմիական ռեմիսիան: Նշենք, որ հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day) նշվում է հուլիսի 28-ին:

Աղունիկ Այվազյան