Սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ համերգ, նվիրված Հայաստանի Հանրաետության անկախության 28-ամյակին։
Միջոցառումը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլը, կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից։
Համերգի մեկնարկը տրվեց Հայատանի Հանրապետության և Վրաստանի օրհներգներով: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության նշանակության մասին, ինչպես նաև բացեց պատմության դռները, կարևորելով հայ-վրացական հարաբերությունների զարգացումը։
«Հայ-վրացական հարաբերությունները պատմական և մարդկային կարևորություն ունեն։ Մեր ժողովուրդները արմատավորված են միմյանց մեջ, և մեր արմատները այնքան ուժեղ են, որ մենք պարտավորություն ունենք միասին պատմություն կերտել ազատ ապագայի համար։ Հիմա հայ-վրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակում են գտնվում և մենք անշուշտ կշարունակենք զարգացնել հայ-վրացական ընկերական հարաբերությունները, որում մեծ դեր է խաղում վրաց-հայկական հասարակությունը, որի ներկայացուցիչները հենց Վրաստանի քաղաքացիներն են։ Շնորհավորում եմ բոլոր հայերիս անկախության օրվա առթիվ և մաղթում եմ ամենայն բարիք։ Կեցցե հայ-վրացական եղբայրությունը, կեցցե Հայաստանի անկախ Հանրապետությունը, Աստված օրհնի բոլորիս», – իր ելույթում ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին նույնպես հանդես եկավ խոսքով, շնորհավորելով հայերին այս կարևոր տոնի առթիվ։
«Մեծ պատիվ է գտնվել այստեղ: Շնորհավորում եմ ձեզ մեր հարևան Հայաստանին այս կարևոր օրվա կապակցությամբ, խաղաղություն, բարգավաճում և հաջողություն եմ մաղթում։ 27 տարի է, ինչ Վրաստանի և Հայաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, այս տարիների ընթացքում մեր երկրների հարաբերությունները խորացել են և զարգացել տարբեր ոլորտներում»,- ասաց Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
Համերգին ներկա էին Վրաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ռիմա Մառանգոզյան