Ավարտվում է Ախալքալաք քաղաքի ասֆալտապատման ծրագիրը, մնում է ավարտին հասցնել այն հատվածները, որոնք հետաձգվել են տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, քաղաքի արվարձաններում գտնվող որոշ փոքր փողոցներ ներառված չեն այս ծրագրում և առայժմ պարզ չէ՝ դրանք ապագայում կասֆալտապատվեն, թե՝ ոչ:
Մի քանի տարի շարունակ տեղական իշխանություններն աստիճանաբար ասֆալտապատում էին Ախալքալաքի փողոցները և ավարտվում է քաղաքի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:
Քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում, այսպես կոչված 3-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ ամբողջ քաղաքն ասֆալտապատ է, բայց նրանց փողոցը բացառություն է: 3-րդ փողոցի բնակիչներից մեկի խոսքով՝ իրենց փողոցն ասֆալտապատ չէ, քանի որ այն հեռու է կենտրոնից և չի կարևորվում:
Ենթակառուցվածքների զարգացման ծրագրից դուրս են մնացել քաղաքի այս հատվածի երկու փոքրիկ փողոցներ, նախկին զինվորական ավանում՝ 2-3 փողոց, ինչպես նաև բարձրահարկ շենքերի մի քանի բակեր: «14-րդ ավանում» մնացած փողոցները, ըստ քաղաքապետարանի՝ կասֆալտապատվեն այս տարի:
Ինչպես մեզ տեղեկացրին քաղաքապետարանից, Ախալքալաքի փողոցների ասֆալտապատումն արդեն ավարտական փուլում է, 14-րդ ավանում մնացել են ընդամենը մի քանի փոքր փողոցներ:
Ենթակառուցվածքների ծառայության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով՝ 14-րդ ավանում աշխատանքը հետաձգվել է կոյուղու խողովակների փոփոխության պատճառով:
«Այնտեղ բնակիչները կոյուղագծի հետ կապված խնդիրներ ունեին, ուստի չէին կարողանում ժամանակին ավարտել աշխատանքները», – ասում է նա:
Ռազմիկ Նահատակյանի պնդմամբ՝ 14-րդ նախկին զինվորական ավանում ասֆալտապատումը շուտով կավարտվի:
Ինչ վերաբերում է 3-րդ և մյուս փողոցների, որոնք մնացել են առանց ասֆալտի, առայժմ հայտնի չէ, թե, երբ են դրանք ասֆալտապատվելու:
«Այս տարի վերականգնման նախագծում 3-րդ փողոցը չկար, կլինի հաջորդ տարի, թե՝ ոչ, դեռ չեմ կարող ասել», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Բրատիսլավ Իգիթխանյան