Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունել է իր առաջին ուսանողներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցության արդյունքում Թումոյի կրթական ծրագիրն այժմ հասանելի է ջավախքցի պատանիներին։

«Ախալքալաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատ խորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մեր առաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ:

ՀՕՄ Ջավախքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը ասում է. «Համոզված ենք, որ այս ծրագիրը կոգեշնչի մեր երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները: Հույս ունենք` ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և մենք կընդլայնենք մեր համագործակցությունը Թումոյի հետ»:

Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի 14 ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն:

Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար` tumo.org/register/
1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:

Թումոն պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում եւ Արցախում այժմ գործում է չորս կենտրոն ու վեց Թումո տուփ, իսկ վերջին տարիներին գործարկվել է յոթ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում և Կիևում: