Լոմսաձե և Ծերեթելի փողոցների խաչմերուկում, ասֆալտապատման շինարարական աշխատանքների արդյունքում տեղի է ունեցել ջրատարի վթար: Ջուրն անջատել են: Աշխատում են վթարի վերացման վրա:
Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանի խոսքով, ջրամատակարարումը այսօր կվերականգնվի, սակայն մի քիչ ուշ:
«Վթարը լուրջ է, աշխատանքը` շատ», – ասում է նա:
Մոսոյանը նաև նշեց, որ նրանք այժմ զբաղված են նաև նրանով, որ շրջում են գյուղից գյուղ և փակում են խմելու ջրի խողովակից ապօրինի քաշված ոռոգման գծերը:
«Մենք շրջում ենք գյուղերով և ասում բնակիչներին, որ նրանք ոռոգման համար ոչ թե խմելու ջուրը օգտագործեն, այլ օգտագործեն ոռոգման ջուրը», – ասում է Մոսոյանը:
Ոռոգման սեզոնը ազդում է քաղաքի ջրամատակարարման վրա, ջրի ճնշումը ամբողջ օրվա ընթացքում ցածր է, իսկ երբեմն էլ, ընդհանրապես ընկնում է: Ըստ Մոսոյանի, դա կախված չէ նրանցից:
«Քաղաքի ամեն տան բակում մի քանի ծորակ կա, որոնցով նրանք ոռոգում են իրենց այգիներն ու դաշտերը: Իհարկե, ճնշումը կիջնի ու ջուրը կանջատվի»: