Վրաստանի պետական դպրոցներում ուսումնական պրոցեսը սկսվում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, սակայն, ըստ Կրթության նախարարության տվյալների, երկրի մոտ 20 դպրոցում ուսումնական պրոցեսը կարող է հետաձգվել: Ախալքալաքի մունիցիպալիտետի 65 դպրոցներից 64-ում կհնչի առաջին զանգը, և միայն Չամդուրա գյուղում այն կհետաձգվի:
Պատճառը, որ որոշ դպրոցներ սեպտեմբերի 16-ին աշակերտների համար չեն բացվի, դա այն է․ որ մոտ 700 դպրոցում վերականգնողական աշխատանքներ են տարվում, որոնք հնարավոր չի ավարտել մինչ դասապրոցեսի մեկնարկը: Բաց թողած դասերի օրերը լրացնելու համար աշակերտները ստիպված կլինեն շաբաթ օրերը դասի գնալ: Դպրոցի մեկնարկի ժամանակը կարող է հետաձգվել 1 առավելագույնը 2 շաբաթով: Չամդուրա գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի սեպտեմբերի 23-ին կամ 24-ին:
Դպրոցների նորոգման համար Ախալքալաքի մունիցիպալիտետին այս տարի Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամից հատկացվել է 1,370,000 լարի: Այս գումարով մունիցիպալիտետը վերանորոգել է 21 դպրոց՝ 3 քաղաքային և 18 գյուղական:
Ավելի վաղ կրթության նախարար Միխայիլ Բատիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի հանրային դպրոցներում ենթակառուցվածքային խնդիրները պետք է ամբողջությամբ լուծվեն մինչև 2023 թվականը:
Կրթության բարեփոխումների շրջանակներում արդեն կառուցվել է 27 նոր դպրոց, որոնցից երկուսը Թբիլիսիում, 25-ը՝ շրջաններում: Ավարտվել են 141 դպրոցի նորոգման աշխատանքները: 884 դպրոց ֆինանսավորում և թույլտվություն է ստացել իրենց միջոցներն ինքնուրույն բաշխելու սեփական կարիքների համար: