Հոկտեմբերի 4-ից Վրաստանում վերսկսվում է ուսումնական գործընթացը դասարաններում և լսարաններում: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել առցանց, կարող են գրանցվել https://online.emis.ge կայքում: Ախալքալաքի բնակիչները նույնպես կարող են առցանց կրթության համար դիմել այս կայքի միջոցով կամ անմիջապես դիմել իրենց դպրոցին:
Հեռավար ուսուցման շարունակության համար դպրոցներում գրանցումը կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, ժամը 00:00-ից մինչև 18:00-ն, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
Բացառության կարգով, գրանցումը հնարավոր կլինի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ` 00:00-ից 23:59: Այդ ժամանակահատվածում գրանցման դաշտը բաց կլինի:
Բացի այդ, շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, հնարավոր կլինի չեղարկել առցանց գրանցումը և վերադառնալ դասարանային դասերին:
Գրանցումն իրականացվում է https://online.emis.ge կայքում: Ախալքալաքի դպրոցների աշակերտների ծնողները կարող են գրանցվել այս կայքում՝ առցանց ուսումը շարունակելու համար կամ դիմել իրենց դպրոցին:
Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 15-ին՝ հեռավար ձևաչափով: Հոկտեմբերի 4-ից կառավարության որոշմամբ ուսումնական գործընթացը կվերսկսվի դասարաններում: Բոլոր աշակերտները, ներառյալ տարրական դասարանների աշակերտները, պարտավոր են փակ տարածքներում դիմակ կրել:
Միևնույն ժամանակ, կրթության նախարարությունը հնարավորություն է տալիս դպրոցականների ծնողներին ընտրություն կատարել դասարանային դասավանդման և առցանց դասավանդման միջև:
Գերատեսչության որոշմամբ՝ հավելավճար կստանան այն ուսուցիչները, ովքեր ստիպված կլինեն լրացուցիչ հեռավար դասեր վարել: