Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի դպրոցի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Դեռևս հուլիսի 4-ին Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տենդեր էր հայտարարվել, ըստ որի պետք է վերանորոգվեր Բեժանո գյուղի դպրոցի սանհանգույցը։ Սանհանգույցի վերանորոգման աշխատանքների համար հայտարարված տենդերը 60 783 լարիով հաղթել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը։
Բեժանո գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Գրիգորյանի խոսքով, աշխատանքների մոտ 80-90%-ն ավարտված է, մնացել է միայն դրսի գործը, որն էլ հավանաբար կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։
«Քաղաքապետարանի կողմից, մոտ մի ամիս է աշխատանքներն սկսված են: Իրականացվել է աշխատանքների մոտ 80-90%-ը, հույս ունեմ, որ մինչև ամսի 15-ը պատրաստ կլինի»,- ասաց տնօրենը։
Տնօրենը դպրոցի վիճակը կայուն է գնահատում։ Դպրոցն ունի 12 դասարան, ֆիզիկայի, քիմիայի կաբինետներ, համակարգչային սենյակ, մի քանի գրասենյակ և մեծ սպորտդահլիճ։
«Դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1988 թվականին, ժամանակակից պայմաններին չի համապատասխանում, բայց և այնպես վատ դպրոց չէ։ Ամեն տարի խոսք են տալիս, որ պետք է վերանորոգեն, բայց դեռ որևէ արձագանք նախարարութունից չկա»,- նշում է Գառնիկ Գրիգորյանը։
Վերջինս առանձնակի ուրախությամբ է նշում, որ իր դպրոցում կենսաթոշակառու ուսուցիչ չունեն:
«Մեր ուսուցիչները լրիվ երիտասարդ են: Ոչ մի թոշակառու ուսուցիչ չունենք, 27 ուսուցիչ և մասնագետի պակաս չունենք»,- նշում է դպրոցի տնօրենը:
Կրթական նոր տարում Բեժանո գյուղի դպրոցը կընդունի 12 առաջին դասարանցի: Իսկ դպրոցում սովորում է 158 աշակերտ:
Հավելենք, որ 2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից հատկացված 1,370,000 լարիով, վերանորոգման աշխատանքներ է իրականացնում մունիցիպալիտետի 21 գյուղական և 3 քաղաքային դպրոցներում:
Վերանորոգվում են հետեւյալ գյուղերի դպրոցները՝ Մերենիա (60,000 լարի), Դադեշ (20,000 լարի), Կուլիկամ (60,000 լարի), Բարալեթ (100,000 լարի), Խանդո (50,000 լարի), Տուրցխ (50,000 լարի ), Իխտիլա (20,000 լարի) Ալաստան (80,000 լարի), Գոման (50,000 լարի), Վաչիան (50,000 լարի), Չամդուրա (80,000 լարի), Լոմատուրցխ (40,000 լարի), Բուռնաշեթ (50,000լարի), Ագանա (100,000 լարի), Հոկամ (40,000 լարի), Օլավերդ 40,000լարի), Կաջո (50,000 լարի), Խուլգումո (50,000 լարի), Արագվա (80,000 լարի), Մաջադիա (50,000 լարի), Բեժանո (50,000 լարի):
Ռիմա Մառանգոզյան