Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղը շրջապատված է լեռներով, ճանապարհներն այստեղ վատ են, խանութպանները պարտքերի ցուցակի պահապաններն են, երիտասարդները հույս ունեն, որ կհեռանան …
Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղը վարելահող քիչ ունի: Կարտոֆիլ շատ չեն մշակում:
Գյուղում ապրում է 100 ընտանիք: Տղամարդիկ գնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Գյուղը շատ խնդիրներ ունի՝ Ճանապարհները, գյուղում մանկապարտեզի բացակայությունը, երիտասարդների համար սպորտային և այլ զբաղմունքի վայրերի բացակայությունը, խոտհարքերի սակավությունը և մի շարք այլ խնդիրներ:
Գյուղացիները բողոքում են, որ այս տարի խոտը շատ թանկ է: Մի տուկն արժե 6-7 լարի (անցյալ տարի 4 լարի էր): Գյուղացիները մտահոգված են դրանով: Գյուղի խոտհարքերը մշտապես հնձում են ոչ տեղացիները, իսկ այս տարի էլ եղանակի պատճառով խոտը քիչ է:
Թորիա գյուղից Սեդա Մալխասյանն ունի 3 կով և մի քանի հորթ:
«Խոտը անասուններին չի բավարարում: Ստիպված պիտի վաճառեմ անասունները: 50 հար տարածքից տուն է բերվել 50 տուկ: Սա շատ քիչ է, չգիտենք, թե ինչ ենք անելու », – դժգոհում է Սեդա Մալխասյանը:
«Մայիս-հունիս ամիսներին մեր գոտում անձրևներ չեկան, ու այդ պատճառով խոտը չաճեց: Ինչ էլ մեր գյուղն ուներ ուրիշների ձեռքում է: Գյուղում կան բազմաթիվ խնդիրներ: Ինչպես ապրենք մենք », – դժգոհում է Մարտինը:
Թորիա գյուղում խմելաջուր կա, բայց չկա ոռոգման ջուր:
Բնակիչները դժգոհում են իրենց գյուղ տանող վատ ճանապարհից:
Վարազդատը դժգոհում է, որ իրենց գյուղը դուրս է մունիցիպալիտետի ղեկավարության ուշադրությունից:
«3 կմ է մնում չասֆալտապատված, նրանք կարող էին դա էլ ասֆալտապատել, բայց չեն անում: Երիտասարդությունը լքում է գյուղը: Այստեղ նրանք զբաղմունք չունեն », – ասում է Վարազդատը:
Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կառուցվում է մարզադաշտ, շինարարությունն ընթացքի մեջ է: Բնակիչների խոսքերով, այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրից իրենց գյուղին հատկացված գումարը 16 000 լարի է, և նրանք ամբողջ գումարը հատկացրել են մարզադաշտի կառուցմանը:
Գյուղում կա 4 խանութ: Խանութապանները բողոքում են, որ քչերն են կանխիկ գումարով գնումներ անում, բոլորն ապրանքը պարտքով են վերցնում:
Խանութպան Սերգեյը դժգոհում է, որ չգիտի, թե երբ են գյուղացիները մարելու իրենց պարտքերը, և չի կարողանում զարգացնել իր առևտուրը:
«Առևտուր չկա: Ամբողջը թղթի վրա է, ամեն ինչ պարտքով են գնում, երբ կվերադարձնեն, իրենք էլ չգիտեն, իսկ մենք, կարծես խանութի պահակներ ենք կանգնած », – ասում է Սերգեյը:
Ժենյա Արզումանյանը դժգոհում է գյուղում մանկապարտեզի բացակայությունից:
«Նրանք ուշադրություն չեն դարձնում մեր գյուղին, միայն խոստումներ են տալիս: Մենք ոչինչ չունենք՝ ոչ ճանապարհ, ոչ մանկապարտեզ: Ես ընդամենը երկու կով ունեմ և չեմ կարող նրանց խոտով ապահովել », – դժգոհում է նա:
Շուշան Շիրինյան