Թախչա գյուղը գազաֆիկացվում է SJGC ընկերության կողմից, չնայած այն հանգամանքին, որ Թախչան ընդգրկվում է մունիցիպալիտետի 8 գյուղերի ցանկում, որոնք պետք է գազաֆիկացվեն Վրաստանի գազատրանսպորտային GGTC ընկերության կողմից հաջորդ տարի: Մայրուղային գազատարն արդեն պատրաստ է, գյուղի գազաֆիկացման նախագիծն ուղարկված է քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։ Ընկերությունը հույս ունի, որ 2024 թվականի ջեռուցման սեզոնին Թախչայում բնական գազ կլինի:
Թախչա գյուղի գազիֆիկացման գործընթացը սկսվել է անցած 2023թ.-ին՝ գյուղի բարերարների և SJGC գազաբաշխիչ ընկերության համատեղ ֆինանսավորմամբ: Աշխատանքներ տարվել են, գազատարը գրեթե հասցվել է գյուղ։ Հետո հայտնի էր դարձել, որ Թախչա գյուղի և շրջանի ևս 7 գյուղերի
գազաֆիկացմամբ զբաղվելու է Վրաստանի գազատրանսպորտային GGTC ընկերությունը,- նշված է ընկերության կայքում:
Կայքում նշված է նաեւ, որ 2024 թվականին կիրականացվի նախագծերի մշակումը, իսկ 2025թ.-ին գազաֆիկացումը: Jnews-ը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու Թախչա գյուղի հետ, որտեղ աշխատանքներն
արդեն գրեթե ավարտվել էին SJGC-ի կողմից:
SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թախչա գյուղում գազաֆիկացման աշխատանքներն իրականացնում են իրենք, այս փուլում սպասում են քաղաքապետարանի թույլտվությանը, որից հետո կսկսեն գազատարն անցկացնել մարդկանց տներում:
«Նախագիծը մենք տվել ենք քաղաքապետարան՝ թույլտվության, դեռ վերջնական պատասխանը չենք ստացել: Հենց ստանանք, կհասցնենք, կավարտենք։ Մայրուղային գիծն արել ենք, պետք է գրանցվեն մեզ վրա, որպեսզի լիցենզիա ստանանք կոնկրետ գյուղի համար: Եվ դրանից հետո միայն մենք կկարողանանք գազը հասցնել գյուղ»,- պարզաբանեց նա։
Նա հաստատեց, որ Թախչա գյուղը ներառված չէ այն գյուղերի թվի մեջ, որոնց գազաֆիկացման աշխատանքներն իրականացնում է GGTC-ն։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ GGTC-ի կողմից գազաֆիկացված գյուղերին գազը մատակարարի SJGC ընկերությունը: