Ազգությամբ հայ, Հորդանանի քաղաքացի, օրթոպեդիայի պրոֆեսոր՝ բժիշկ Արամ Հ-Բեդրոս Դարակջյանն արդեն 3 տարի է ինչ ապրում է Վրաստանում, քանի որ անձնագրի վավերականացման ժամկետը լրացել է Վրաստանում և այժմ չի կարող մուտք գործել ոչ մի պետություն։
«Ես ծնվել եմ Հորդանանում, հետո գնացել եմ Անգլիա և երկար տարիներ այնտեղ եմ ապրել։ Որոշ հայտնաբերություններ ունեմ բջջային քաղցկեղի վերաբերյալ և այդ հարցով ինձ հրավիրեցին Թուրքիա՝ համաշխարհային բժշկական գիտաժողովի։ Երբ, որ սկզբում գնացի Թուրքիա մտա Հորդանանից, քանի որ այնտեղից առանց վիզայի են թույլատրում, հորդանանյան անձնագրով։ Ճամփին պետք է Սիրիայից անցնեի։ Երբ գնացի Հալեպ, իմացա, որ հայկական դեսպանատունն անձնագիր է տալիս բոլոր հայերին, որոնք ապացուցում են իրենց հայությունը։ Այդ փաստաթղթերը տվեցի իրենց և իրենք ինձ տվեցին հայկական անձնագիր»։
Արամ Հ-Բեդրոսին շնորհվել է հատուկ կացության կարգավիճակ և տրվել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի։
Հայկական հատուկ անձնագիրը վավեր է եղել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 12-ը, որի ժամկետը չլրացած նա փորձել է մուտք գործել Հայաստան՝ նպատակով վերականգնել վավերականացման ժամկետը։
«Այս անձնագրի ժամանակը չլրացած ես Թուրքիայից դուրս եկա և եկա Վրաստան, որպեսզի Հայաստան գնամ, և վերանորոգեմ անձնագիրը։ Թուրքիան սա ընդունել է որպես անձնագիր և ինձ դուրս է թողել, Վրաստանն ընդունել է որպես անձնագիր և ներս է թողել։ Վրաստանից դուրս եմ եկել գնացքով դեպի Հայաստան և Հայաստանն ինձ հետ է վերադարձրել ասելով, որ այս անձնագրով դու չես կարող Հայաստան մտնել»,- ասում է Արամ Հ-Բեդրոսին։
Սահմանից հետ գալով Թբիլիսի Արամ Հ-Բեդրոսը դիմում է Վրաստանում ՀՀ դեսպանությանը։ Դեսպանատնից պատասխանել են, որ նրանք ոչնչով չեն կարող օգնել նրան՝ քանի որ նա չի հանդիսանում Հայաստանի քաղաքացի, իսկ իր անձը հաստատող հորդանանյան քաղաքացիության անձնագիրն արդեն մի քանի տարի է, ինչ անվավեր է՝ կրկին ժամկետը լրանալու պատճառով։
«Ինքը Հայաստանի քաղաքացի չէ, Հայաստանի հատուկ կացության կարգավիճակ ունի, որի ժամկետն անցել է, ինքը հիմա ցանկանում է Հայաստանի անձնագիր վերցնել ինչը հնարավոր չէ, քանի որ նախկինում ՀՀ քաղաքացի չի եղել, իսկ այժմ էլ ժամկետի մեջ գտնվող որևէ փաստաթուղթ չունի, որը խստիվ անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիության համար դիմելու դեպքում։ Նա Հորդանանի քաղաքացի է, որի անձնագիրը ժամկետնանց է, դրա հիման վրա մենք չենք կարող նրա փաստաթղթերն ընդունել։ Նա նախ պետք է թարմացնի իր հորդանանյան անձնագիրը, որի հիման վրա էլ դիմի ՀՀ քաղաքացիության համար։ Մենք իրեն ճիշտ ուղղությունը ցույց ենք տվել, բայց ինքը, կարծես, չի ցանկանում ճիշտ ուղղությամբ շարժվել։
Վրաստանում Հորդանանի դեսպանի նստավայրը Բաքվում է, նա այստեղ համատեղության կարգով է դեսպան և պարբերաբար հաճախում է Թբիլիսի։ Նա կարող է Հորդանանի դեսպանի կամ հյուպատոսի միջոցով ուղարկել իր փաստաթղթերը և նոր անձնագիր ստանալ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացիության համար», – ասում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը:
Արամ Դարակջյանը արձագանքում է. «Ես կապ եմ հաստատել Բաքվում գտնվող Հորդանանի դեսպանության հետ և ինձ այդ իրավունքը չեն տալիս, որևէ մեկի միջոցով փաստաթղթեր ուղարկել: Ասեցին, որ անձնագիրս նորացնելու համար պետք է անձամբ հասնեմ Բաքու, բայց ինչպես գնամ»:
Պրոֆեսորն արդեն մեկ տարի է, ինչ Թբիլիսիում տներ է վերանորոգում, և այդպիսով հոգում իր ապրուստը: Փաստաթղթեր չունենալու պատճառով, սա միակ միջոցն է, որով կարողանում է վճարել բնակարանի վարձը: Նա ապրում է իր կնոջ հետ: Վերջինս 36 տարի հայկական եկեղեցում ծառայել է որպես սարկավագ և հիմա էլ՝ գտնվելով Թբիլիսիում անընդհատ եկեղեցի է հաճախում:
«Ես Հայաստանում 2 տարի եմ եղել, հայերեն եմ սովորել և ռուսերեն։ 6 լեզվի եմ տիրապետում։ Երկու գիրք ունեմ գրած, մեկը քաղցկեղի, մյուսը՝ ոսկրային հիվանդությունների վերաբերյալ», – պատմում է Արամը:
«Ես ազատ աքսորի մեջ եմ, բանտում եմ՝ ազատ բանտում»,- եզրափակում է Արամ Դարակջյանը:
Ռիմա Մառանգոզյան