Հորդառատ անձրեւների ժամանակ, Երեւանյան փողոցի բազմահարկ շենքերի բնակիչները չեն կարող դուրս գալ իրենց տներից, կամ եթե դրսում են գտնվում՝ մուտք գործել շենք, ինչպես նաեւ իրենց ավտոտնակներ: Ջուրը հավաքվում է բակում եւ հետո ներծծվում է շենքի հիմքում: Սա առաջին տարին չէ, որ բնակիչները դժգոհում են:

Արհեստական ծով երկար սպասված մաքրության փոխարեն

Այսօր Երեւանյան փողոցի 53 ա շենքի բնակիչներն Ախալքալաքի քաղաքապետարան էին եկել բողոքելու: Նրանք եղան Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեի մոտ:

Երեւանյան փողոցի 53 ա շենքի բակը ասֆալտապատվել է 5 տարի առաջ: Շինարարական աշխատանքների ընթացքում ասֆալտի մակարդակը ճիշտ չի հաշվարկվել: Ինչպես նաև չի գործում ջրահեռացման համակարգը: Անձրևներից հետո անհնար է տեղաշարժվել բակով, մի շքամուտքի բնակիչները նույնիսկ չեն կարողանում մտնել իրենց բնակարաններ, քանի որ շքամուտքի մոտ ջուր է հավաքվում:

«Ջուրը փակել է շքամուտքը: Ջուրը հավաքվում է այնտեղ, հոսելու տեղ չունի, ու այն ներծծվում է նկուղ: Բնակարաններն արդեն խոնավացել են դրանից, խոնավության եւ բորբոսի հոտ է գալիս», – դժգոհում է Թագուհի Ղարագյոզյանը:

Լենա Մղդեսյանն ասում է, որ արդեն 3-րդ տարին է նրանք այս վիճակում են:

«Շինարարության ընթացքում մենք մեր դժգոհությունը հայտնում էինք շինարարներին, որ նրանք սխալ են անում, բայց նրանք մեզ պատասխանում էին, որ դա մեր գործը չէ, որ մենք չխառնվենք: Երկու տարի առաջ բողոք էինք գրել (քաղաքապետարան), նրանք խոստացել էին օգնել մեզ, բայց ոչ մի արդյունք», – բողոքում է Լենա Մղդեսյանը:

Սոնա Վարդանյանը, իր ավտոտնակ հասնելու համար, շրջանցում է բակը:

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության եւ ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է, որ բակի ասֆալտապատման նախագծում նախատեսված չէր ջրահեռացման համակարգ, սակայն շինարարը կառուցել էր, բայց այն փոքր է եւ չի արդարացնում հորդառատ անձրեւների ժամանակ:

«Հիմա մենք պետք է քանդենք եւ վերակառուցենք այն, պետք է փոխել ջրահեռացման համակարգը», – ասաց Ռազմիկ Նահատակյանը:

Քաղաքապետարանում խոստացան օգնել բնակիչներին, չնայած ասացին, որ բյուջեում փող չկա:

Շալվա Բալախաձեն խոստացավ, որ նրանք կաշխատեն օգնել, նոր նախագիծ կկազմեն, հնարավորության դեպքում կվերակառուցեն, սակայն, պարզ չէ թե երբ դա կլինի:

Շուշան Շիրինյան