Ախալքալաքի միակ հանրային զուգարանը, որը կառուցվել է 2017 թվականին, կրկին աղտոտված է եւ վնասված, լվացարանները կոտրված են, ջուրը հոսում է հատակով, ամենուր կեղտ է եւ սարսափելի հոտ է գալիս: Այս ամենի պատճառը առաջին հերթին՝ քաղաքացիների անփութությունն է, ու ամենակարեւորը զուգարանը չունի սեփականատեր, այն շահագործման համար չի փոխանցվել Սպասարկման կենտրոնին:

Ներկա պահին հանրային զուգարանը գտնվում է հակասանիտարական վիճակում, ծորակներն անհետացել են, ջուրը հոսում է զուգարանով մեկ, չհաշված տհաճ հոտը, որը զգացվում է մոտակա մարզադաշտի մոտից:

Ախալքալաքի հանրային զուգարանը կառուցվել է քաղաքի կենտրոնում, Խաս Բախչա այգու հարեւանությամբ: Բնակիչները երկար տարիներ բողոքոհում էին իշխանություններին, որ քաղաքին հարկավոր է հասարակական զուգարան: Մի քանի տարի իշխանությունները չէին կարողանում տեղ գտնել շինարարության համար: Վերջապես, 2017 թվականին հասարակական զուգարանը կառուցեցին:

Ախալքալաքում անհամբեր սպասում էին հասարակական զուգարանի բացմանը: Թվում էր, թե հարցն արդեն լուծված է, շենքը կառուցվել է, բայց ինչ-որ պատճառով բացումը հետաձգվում էր: Պարզվեց, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որը պետք է շահագործեր զուգարանը, հրաժարվել է ընդունել եւ սպասարկել զուգարանը, քանի որ կոյուղագծի հետ կապված խնդիր կա: Ջրի ճնշումը թույլ էր, խողովակներից ջուրը դուրս էր տալիս: Բացի դրանից, հետագա սպասարկման համար պայմաններ չկային:

Դրանից հետո Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ուղղեց թերությունը եւ ջրի ճնշումը կարգավորվեց, սակայն, նույնիսկ դրանից հետո հասարակական զուգարանը չգործեց եւ մնաց կամայականության հույսին: Այն նույնիսկ չհսկվեց, որի արդյունքում ծորակները գողացան:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը 2018 թ. հունիսին մեզ ասաց, որ մոտ օրերս հանրային զուգարանը կհանձնվի սպասարկման կենտրոնին, մնում է որոշել սիմվոլիկ գումարը եւ զուգարանն արդեն կգործի: Սակայն փոխանցումը չկատարվեց:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ հասարակական զուգարանը նրանց չի փոխանցվել եւ նստած չէ նրանց հաշվեկշռին:

«Նրանք բանավոր կերպով ինձ ասացին, որ պետք է շահագործել հասարակական զուգարանը, եւ ես նրանց 2018 թվականի օգոստոսի 3-ին, գրավոր պատասխանեցի, որ ես չեմ կարող սպասարկել զուգարանը, քանի որ կան թերություններ ու ասացի, որ դրանք կարգավորեն, հետո փոխանցեն մեզ»,- ասում է Արմեն Բիչախչյանը:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ այն ժամանակ չհանձնվեց, բայց միևնույն է կփոխանցեն:

«Ամեն ինչ այնտեղ կոտրել են, ես արդեն հրահանգել եմ, որ արձանագրություն կազմեն, մենք կավարտենք մոտ օրերս եւ կփոխանցենք Սպասարկման կենտրոնին: Սպասարկման կենտրոնները նրա համար են, որպեսզի եթե ինչ որ տեղ, ինչ-որ մի բան այնչպես չէ, կարգավորեն: Նրանք պետք է ընդունեն»: – ասաց Յուրիկ Ունանյանը:

Ըստ Արմեն Բիչախչյանի, զուգարանը նախապես կառուցվել է անորակ:

«Եթե զուգարանը պետք է աշխատի գումարով, ապա հարկավոր է, որ Սակրեբուլոն մեզ տա փաստաթուղթ, որպեսզի կարողանամ գումար հավաքել: Երկրորդը՝ ես աշխատողներ չունեմ սպասարկման համար: Իմ նախահաշիվը կազմված է 45 հոգու համար, ովքեր աշխատում են որպես հաշվապահ, հավաքարար, վարորդ: Ես ում կարող եմ ստիպել, որ նստեն զուգարանում եւ սպասարկեն», – ասում է Արմեն Բիչախչյանը:

Նա հանձնաժողովի հետ միասին եղել է այնտեղ, եւ այժմ արձանագրություն է կազմվում քաղաքապետարան ուղարկելու համար, նշելով, թե ինչ է անհրաժեշտ հասարակական զուգարանը վերականգնելու համար:

Նրա խոսքերով, այսօր նա միջոցներ չունի հասարակական զուգարանը վերականգնելու համար:

«Այժմ զուգարանը վերանորոգելու միջոցներ չունեմ, ես ստիպված եմ այն ինչ-որ տեղից վերցնել, բայց դրա համար պետք է քաղաքապետարանի հրամանը»:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ հասարակական զուգարանն աշխատելու է:

tualett

Շուշան Շիրինյան