Օգոստոսի 28-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ Սակրեբուլոյի լիագումար նիստ, որի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց մի շարք օրակարգային հարցեր:
Նիստի օրակարգը բաղկացած էր 4 հարցից՝
Նալբանդյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող գիտնական Բորիս Լոմսաձեի տան պատին հուշատախտակ փակցնելու մասին:
Հաստատել Ախալքալաքի շրջանում մասսայական ժողովրդական միջոցառումների անցկացման ամսաթվերը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2017 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 29 “Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին” որոշման մեջ փոփոխություններ մտցնել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2018 թ. հունիսի 14-ի թիվ 41 “Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում բնակվող ընտանի կենդանիների խնամքի և պահելու, դրանց պոպուլացիայի վարման կարգի հաստատման մասին” որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։
Նիստի ժամանակ քննարկվեցին և ընդունվեցին վերոնշյալ հարցերը։
Շրջանային ժողովը որոշում ընդունեց «Ջիվանոբա» կամ «Ջիվանական օրն» անցկացնել հուլիս ամսվա երկրորդ շաբաթ օրը, «Ախալքալքի օրը»՝ սեպտեմբեր ամսի երրորդ շաբաթ օրը, աշուղ «Թիֆիլիի» օրը՝ հուլիս ամսի երկրորդ կիրակի օրը և Վարևան գյուղի «Հերոսի օրը»՝ հուլիս ամսի առաջի կիրակին։
Ինչպես նաև քննարկվեց “Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին” որոշման մեջ փոփոխություններ մտցնելու հարցը։
Փոփոխություններ բյուջեում
Ախալքալաքի քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում իրականացնել բյուջեի փոփոխություն տեղական բյուջեի տնտեսումից, որն էլ կազմում է 105 465 լարի և դադարեցված աշխատանքների գումարը՝ 233 670 լարի։
Տենդեր-մրցույթների հետևանքով կուտակված գումարը կազմում է 105 465 լարի: Մասնավորապես գումար է տնտեսվել հետևյալ նախագծերից.
Գյուղական ճանապարհների ձյան մաքրում՝ 19 999 լարի, կոյուղիների խողովակների վերանորոգում՝ 3658 լարի, շների ապաստան տանելու ծառայությունից՝ 5 477 լարի, Դադեշ գյուղի ջրամբարի վերանորոգում՝ 2 378 լարի, Ախալքալաքի այսպես կոչված «Տաշվանկաի» տարածքում 5 տաղավարների տեղադրում՝ 13 255 լարի և գյուղական ճանապարհների հարթեցման աշխատանքներ՝ 60 698 լարի։
Դադարեցված աշխատանքներն են
Քաղաքի Միկոյան փողոցի երկրորդ նրբանցքի ասֆալտապատում (Միկոյանի փողոցից դեպի Ռուսթավելի փողոց՝ 105 մ) – 26 870 լարի, Ախալքալաքի Աղմաշենեբելիի փողոցի #14 բազմահարկ շենքի բակի վերանորգումից՝ 166 800 լարի և ոռոգման համակարգերի վերանորգում և մաքրում՝ 40 000 լարի։
Կուտակված գումարը կտրամադրվի տարբեր նախագծերի իրականացման համար։ Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության դիմումի համաձայն կտրամադրվի 71 648 լարի: Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարական աշխատանքների ծառայությանը՝ 68 593 լարի: Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայությանը՝ 24 600 լարի: Ռազմական հաշվառման և հավաքագրման ծառայությանը՝ 500 լարի: Մանկապարտեզների միավորմանը՝ 73 237 լարի և Մունիցիպալիտետի կայքի պատրաստման համար՝ 1200 լարի։
Փոփոխությունից հետո անցումային գումարը կազմում է 146 767 լարի:
Գայանե Ակոջյան