Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավեր գյուղի բնակիչ Հովիկ Գիլոյանը ցանկանում է《Տեղական զարգացման խմբի》LAG-ի աջակցմամբ զարգացնել լեռնային զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Հովիկ Գիլոյանի խոսքով, նրա մոտ, գյուղում լեռնային տուրիզմի զարգացման գաղափարը ծագել էր դեռ 20-30 տարի առաջ, երբ նրանց մոտ առաջին անգամ հայտնվեցին էստոնացի զբոսաշրջիկներ: Դրանից հետո զբոսաշրջիկներ հաճախ են գյուղ գալիս ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, թե արտասահմանից, եւ հարեւան երկրներից: Լեռներում վրաններ են դնում եւ ապրում են: Եվ երբ ENPARD- ն Ախալքալաքի մունիցիպալիտետում ստեղծեց զարգացման խումբ, Հովիկ Գիլոյանը որոշեց իր գաղափարը իրականություն դարձնել:
«Այն ժամանակ ես չէի էլ մտածում հյուրանոցի մասին, մեր պատկերացումներով, դա բոլորովին այլ բան էր, բայց ես միշտ մտածում էի, որ լավ կլիներ տուն ունենայի, որտեղ մեր գյուղ եկած մարդկանց կարողանայի հյուրընկալել: Վերջին տարիներին, թե ձմռանը, եւ թե ամռանը, զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Կա մի խումբ, որն ամեն տարի գալիս է մեր մոտ եւ վրաններում մի ամիս ապրում են: Անցյալ տարի հյուրեր ունեինք Գերմանիայից», – ասում է Հովիկ Գիլոյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջիկները Ջավախքի լեռնային բնությամբ զմայլվելու եւ հանգստանալու են գալիս՝ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանի տարբեր շրջաններից: Նրանց այստեղ գրավում է մաքուր օդը եւ զուլալ ջուրը:
Օլավեր գյուղը գտնվում է Ախալքալաքից 14-15 կմ հեռավորության վրա՝ լեռներում: Կլիման խիստ է, ջերմաստիճանն այնտեղ ավելի ցածր է, քան Ախալքալաքում, գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Ալպիական բնությունը գեղեցիկ է և ամռանը եւ ձմռանը: Տարվա ամեն եղանակն ունի իր հմայքը։
Հովիկ Գիլոյանը ցանկանում է իր հայրական տունը դարձնել հյուրատուն: Այդ տունը քանդված է եւ փոքր: LAG ծրագրի միջոցով եւ ENPARD – ի ֆինանսավորմամբ ցանկանում է վերանորոգել հին տունը եւ 70 մ / քառ.֊ով ընդլայնել տարածքը։
Նա զբոսաշրջիկներին կհրամցնի էկոլոգիապես մաքուր Ջավախքի խոհանոցը:
«Զբոսաշրջիկներին շատ են հետաքրքրում մեր ուտեստները, մեր կենցաղը, մեր բուժիչ հատկություններով օժտված բույսերը, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում: Մենք նրանց կկերակրենք միայն մեր արտադրանքով, գնված ապրանքներ չեն լինի: Կառաջարկեմ թարմ ձուկ, պանիր, հավկիթ, մեր բույսերից պատրաստված ճաշատեսակները (ավելուկ) ու թոնրում թխած հաց », – ոգևորված պատմում է Հովիկ Գիլոյանը:
Հովիկ Գիլոյանը իսկապես հուսով է, որ իր գաղափարը իրականություն կդառնա, եւ նրա գյուղը կնշվի Ջավախքի զբոսաշրջային քարտեզի վրա:
Օլավեր գյուղից կարելի է բարձրանալ Ախալքալաքի խորհրդանիշ՝ Աբուլ լեռան գագաթը եւ այնտեղ դիմավորել լուսաբացը:
«Տատիկս ասում էր, որ եթե որեւէ մեկը երեխա չունի, ապա նա կարող է կիրակի օրը բարձրանալ Աբուլ լեռը, այնտեղ մատուռ կա՝ Սուրբ Խաչատուրը, մոմեր վառի եւ դիմավորի լուսաբացը, եւ դրանից հետո երազանքները կկատարվեն և կինը կմայրանա», – ասում է Հովիկ Գիլոյանը։
Հովիկ Գիլոյանը զբոսաշրջիկներին կառաջարկի նաեւ վրաններ, եթե նրանք չցանկանան տանը մնալ:
Շուշան Շիրինյան