Արդեն մի քանի օր է Ախալքալաքում քաղաքային ու պետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ են ընթանում։ Բնակիչները Jnews-ին տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես են անձրևին ճանապարհափոսերը ասֆալտով լցնում:
Հուլիսի 5-ից Ախալքալաքում սկսվեց փոսային նորոգումերի գործընթացը: Այս փուլում կասֆալտապատվի 5,337 մ² ճանապարհ: Քաղաքի փողոցների փոսային նորոգումը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, որի համար հատկացվել է 199,990,00 լարի: Աշխատանքներն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Հիշեցնենք, որ Սակրեբուլոն հաստատել էր այդ աշխատանքների համար 200,000 լարի: Ախալքալաքում փոսային նորոգման համար տենդերը երկար ժամանակ չէր հայտարարվում, քանի որ քաղաքապետարանը և շինարարական ընկերությունը համաձայնության չէին գալիս անցյալ տարվա վերանորոգման առնչությամբ: Քաղաքապետարանը պնդում էր, որ «Ջավախ ավտո Գզա» ընկերությունը չի ավարտել նախորդ տարվա աշխատանքը, իսկ ընկերությունը հայտարարում էր, որ իրենք ավարտել են: Սակայն մայիսի կեսերին ընկերությունը վերանորոգեց ճանապարհի 1000 ք/մ-ը, բայց Ազատության փողոցի վերջնամասը և Աղմաշենեբելի փողոցի սկզբնական հատվածը, ինչպես նաև Նալբանդյան փողոցի հատվածը, որը գտնվում է շուկայի հարևանությամբ, այնտեղ ընդգրկված չէին: Այս անանցանելի փոսերը մի քանի անգամ ավազով էին լցվել, բայց արդյունքում ամեն օր էլ ավելի են վատթարանում: