Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ օգոստոսի 28-ին, նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Մարիամոբան: Այս կապակցությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ խաչի երթ դեպի Ախալքալաքի բերդ։
Վրաստանով մեկ, այդ թվում՝ Ախալքալաքում, հանդիսավոր արարողությունը սկսվել է ժամը 10:00-ին, որից հետո վրացական եկեղեցուց (կանանց մենաստան) մեկնարկել է երթը դեպի Ախալքալաքի բերդ, որտեղ տեղի է ունեցել օծման արարողությունը։
«Այս սրբապատկերը ստեղծվել է ի պատիվ Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխման և անվանվել է «Վրաստանի Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխումը», սրբապատկերը շրջվում է ողջ Վրաստանով, պահելու և պաշտպանելու, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է նշանակում Աստվածամոր Վերափոխում: Աստվածամոր սրբապատկերը 4 օր եղել է մեր թեմում, 2 օր Նինոծմինդայում և 2 օր Ախալքալաքում: Մենք շատ ուրախ ենք, որ Սուրբ Աստվածածնի սրբապատկերն մեզ մոտ էլ եղավ»,- ասում է հայր Ալեքսանդրը։
Այնտուհետև Աստվածածնի սրբապատկերը պետք է տեղափոխվեր Ծալկա։
Ամեն տարի օգոստոսի 28-ին վրացի ուղղափառ քրիստոնյաները, ինչպես աշխարհի մյուս արևելյան ուղղափառ քրիստոնյաները, նշում են Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը: Սա մեծ տոներից է, որը նվիրված է Աստվածածնի «ննջմանը» (մահվանը) և նրա երկինք համբարձմանը։ Վրաստանում այս օրը հայտնի է որպես Մարիամոբա, քանի որ Սուրբ Մարիամին Վրաստանում անվանում են Մարիամի։ Սուրբ Մարիամը շատ կարևոր սուրբ է վրացի ուղղափառ քրիստոնյաների համար, քանի որ Աստվածամայրը հարգվում է որպես Վրաստանի գլխավոր պաշտպան և բարեխոս: Վրաստանում օգոստոսի 28-ը նշվում է որպես ազգային տոն։ Վրաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում քահանաները հանդիսավոր պատարագ են մատուցում։ Այս օրը վերջանում է նաև 14-օրյա պահեցողության շրջանը։