Քաղաքի ագրարային շուկայի մոտակա փողոցների բնակիչները գրավոր հայտարարությամբ դիմել են, որպեսի որքան հնարավոր է շուտ վերանա շուկայի հարևանությամբ փողոցային առևտուրը: Շուկայի բարեկարգման աշխատանքների սկիզբը արդեն մի քանի ամիս է ձգձգվում է, որից հետո փողոցային առևտուրը կտեղափոխվի շուկայի տարածք: Սակայն տեղական իշխանությունները ասում են, որ մինչեւ տարվա վերջ շուկան կիսով չափ կբարեկարգվի:
2015 թվականի օգոստոսի 2-ին քաղաքային ագրարային շուկայի մոտակա փողոցների 54 բնակիչներ «հավաքական հայտարարություն» գրեցին, որում խնդրում են «որքան հնարավոր է արագ լուծել քաղաքային շուկայի հարցը և վերացնել փողոցային առևտուրը», քանի որ այն նրանց շատ անհարմարություն է պատճառում: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ փողոցներում տիրում է հակասանիտարական վիճակ, իսկ երեկոյան անհնար է քայլել այդ փողոցներով թափառող շների և կրծողների պատճառով: Հայտարարությունը հասցեագրված է Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ով դիմումը հասցեագրել է տեղական իշխանություններին:
Փողոցային առևտուրը տարածված է հիմնականում Նալբանդյան փողոցում, ագրարային շուկայի հարևանությամբ: Շատ եկվոր առևտրականներ իրենց ավտոմեքենաները կանգնեցնում են բնակիչների տների առջև: Սակայն փողոցի բնակիչները չեն ստորագրել այս հայտարարության տակ, քանի որ առևտրականները նրանց վճարում են որոշակի գումար:
Նալբանդյան փողոցի բնակիչը, ում տան դիմաց կանգնած են առևտրականները իրենց մեքենաներով, ասում է, որ իրենց փողոցից ոչ ոք չի բողոքում փողոցային առևտրից:
«Այս ամենը հնարովի է, և սուտ է: Մենք չենք բողոքում և չենք էլ բողոքել: Նրանք մեզ չեն խանգարում, ընդհակառակը, դա մեզ համար գոյության միջոց է: Մեր տանը ոչ ոք չի աշխատում: Դա որոշ մարդկանց ձեռքի գործն է, ինչը ձեռնտու չէ նրանց, որ եկվորները զբաղվեն առևտրով», – ասում է Նալբանդյան փողոցի բնակիչը:
Նույն փողոցի մեկ այլ բնակիչ ևս հերքում է բողոքի մասին փաստը ասելով, որ իրենց տան դիմաց կանգնող մեքենաները չեն խանգարում, որ եթե դրանք չլինեին տաքսիները կլինեին նրանց փոխարեն, և լսելով մի քանի անձանց ազգանունները ովքեր ստորագրել են ասաց, որ «Այստեղ այդպիսի ազգանուններով մարդիկ չեն ապրում, նրանք ապրում են քաղաքի մյուս ծայրում, շուկայից մի քանի փողոց ներքև: Նրանց ինչ, ինչի համար են բողոքում»,- ասաց նա:
Ախալքալաքի շրջանի վարչության ենթակառուցվածքների և տնտեսական բաժնի պետ Ավետ Նահատակյանը նշեց, որ այդ հայտարարությանը պատասխանել են, և որ այս տարի նախատեսվում է քաղաքային ագրարային շուկայի բարեկարգում, որից հետո բոլոր փողոցային առևտրականները կտեղափոխվեն շուկայի ներս:
Տարեսկզբին հատկացվել է գումար 100 000 լարի շուկայի բարեկարգման համար, միևնույն ժամանակ ստեղծվել է ՍՊԸ «Ախալքալաք ագրարային շուկան», բարեկարգման աշխատանքների նպատակով հունիսին սկսեցին քանդել շուկայի տարածքում գտնվող որոշ շինություններ, սակայն մինչևւ օրս այդ աշխատանքները չեն սկսվել:
Ենթակառուցվածքների և տնտեսական բաժնի պետ Ավետ Նահատակյանի խոսքով, աշխատանքները ձգձգվում է, քանի որ բյուջեից հատկացված գումարը չի բավականացնում ամբողջական բարեկարգման համար:
«Չկարողացանք գումար գտնել: Տեղական բյուջեն հատկացրել է ընդամենը 100 000 լարի, իսկ ըստ նախագծային հաշվարկների հարկավոր է 260 000 լարի: Մենք ուզում էինք լրացնել մնացած գումարը տենդերներից մնացած գումարներից և այս տարի ավարտել շուկայի բարեկարգումը: Բայց այդ փողը ծախսվել է շատ շտապ հարցեր լուծելու համար, և կրկին չի բավարարել», – ասում է Ավետ Նահատակյանը:
Այս տարի աշխատանքներ կիրականացվեն 94 000 լարիի շրջանակներում, քանի որ ընդհանուր գումարից 6 000 լարի հատկացվել է նախահաշվարկի կազմման համար, իսկ հաջորդ տարի տեղական բյուջեից կհատկացվի մնացած գումարը:
Եղած գումարով այս տարի պետք է կառուցենք զուգարան, վերանորոգենք մեծ և փոքր պահեստները, անցկացնենք ջրի և կոյուղու խողովակները, կարգի բերենք վաճառասեղանները և հիմք դնենք մի առևտրային տաղավարի:
Հաջորդ տարի մտադիր ենք փոխել շուկայի դարպասները, լուսավորել շուկան և ասֆալտապատվել տարածքը: Դեռ տենդեր հայտարարված չէ, թե երբ կսկսվեն այդ աշխատանքները հայտնի չէ: Չնայած դրան, որ վարչությունում համոզված են, որ այդ աշխատանքները կավարտվեն, սակայն նրանք դեռ չեն էլ սկսվել, տենդերի անցկացման համար անհրաժեշտ կլինի մոտ 1 ամիս, իսկ մինչև ձմեռ կա ընդհամենը 3 ամիս:
Շուշան Շիրինյան