«Լեզուն հարաբերություններում, մշակույթում, պետության ամրապնդման գլխավոր դուռն է: Լեզուն ամեն ինչի սկիզբն է», – այս խոսքերով հանդես եկավ Ախալքալաքի Մշակույթի տանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ լեփ-լեցուն դահլիճի դիմաց:

Սալոմե Զուրաբիշվիլին տեսավ Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցի նախաձեռնությամբ Մշակույթի տան պատին նկարված «Մայրենի լեզու» վերնագրով գրաֆիտին, որը նկարվել էր այսօրվա առթիվ:

1

Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին և Մշակույթի տան շենքում գտնվող բոլոր հյուրերն ունկնդրեցին Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի սաների արտասանությունները: Երեխաները, տոնական հագնված և նախագահի ներկայությամբ կաշկանդված, արտասանում էին տարբեր հայրենասիրական և ոգեշնչող բանաստեղծություններ:

4

Սալոմե Զուրաբիշվիլին ներկա գտնվեց Գեղարվեստի դպրոցի ցուցահանդես-դասին, դպրոցի սաները նկարում էին Մշակույթի տան նախասրահում, ցուցադրելով իրենց աշխատանքները: Նախագահը լուսանկարվեց երեխաների հետ:

3

Մշակույթի տան դահլիճը բազմամարդ էր, բոլորը եկել էին երկրի նախագահին տեսնելու և լսելու, թե ինչ է ասելու նա:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել են այստեղ: Գիտեմ, որ այստեղ ոչ բոլորն են հասկանում վրացերեն, կամ հասկանում են կիսով չափ, բայց կարևորն այն է, որ դուք բոլորդ եկել եք, շնորհակալ եմ դրա համար: Ես պատասխանատու եմ նրա համար, որ երկրում վրաց լեզուն իսկապես պետական լեզու դառնա, դառնա բոլորի լեզուն, քանի որ ես բոլորի նախագահն եմ, ես սահմանադրությամբ պատասխանատվություն եմ կրում լեզվի տարածմանը, հանրամատչելի դարձնելու և լեզվի ուսուցման համար», – նշեց նախագահը:

2

Նա խոսեց պետական լեզվի ուսուցման կարևորության մասին, թե ինչպես է ինքը մանուկ հասակում ուսումնասիրել իր մայրենի լեզուն:

«Պետությունն ուժեղ է այն ժամանակ, երբ նրա բոլոր քաղաքացիները ցանկանում են պետության լիիրավ անդամ լինել, երբ նրանք զգում են իրենց որպես լիարժեք քաղաքացիներ», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: