Ախալքալաքում աշխատաշուկայում առաջարկը խիստ տարբերվում է պահանջարկից։ Պատճառները բազմաթիվ են, սակայն ամեն ինչ սկսվում է կրթության ոլորտում եղած խնդիրներից: Jnews-ը փորձել է պարզել, թե Ախալքալաքում աշխատաշուկան ի՞նչ առանձնահատկություններ ունի ու ինչո՞վ է դա պայմանավորված։

Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոն»-ի տնօրեն Շորենա Թեթվաձեն համարում է, որ շատ խնդիրներ, այդ թվում՝ աշխատաշուկայում, առաջանում են կրթության ոլորտում եղած խնդիրներից:

Վրաստանում կրթական համակարգը բաժանվում է երեք մասի՝  նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն։ Շորենայի խոսքով, բոլոր փուլերում գոյություն ունեն հիմնախնդիրներ:

«Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ նախակրթական կրթության ամենաառաջին խնդիրը ենթակառուցվածքն է, որը չի համապատասխանում չափանիշներին։ Երկրորդը՝ դա որակավորում չունեցող դաստիարակներն են։ Դաստիարակները, որոնք ուսուցանում են մեր երեխաներին, նրանք չունեն համապատասխան կրթություն կամ ընդհանրապես չունեն։ Իսկ երրորդը՝ դա ցածր աշխատավարձն է»։

2017 թվականից Վրաստանի դպրոցներում գործում է «Երրորդ սերնդի ազգային ուսումնական ծրագիրը», որտեղ հիմնականում կրթությունն ընթանում է վրացերենով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ուղղությամբ շատ խնդիրներ կան։

«Բացի անգլերեն լեզվից, մյուս բոլոր ուղղություններով մասնագետ ուսուցիչների քանակը շատ քիչ է։ Այստեղ հետազոտությունը ցույց է տվել, որ բնագիտական ուղղությունների ուսուցիչները մեր մոտ հիմնականում թոշակառուներ են։ 2017 թվականին այդ ուսուցիչներն անցել են վերապատրաստում, դրան գումարած դպրոցի տնօրինությունը «Լիդերների ակադեմիայի» կողմից երկամյա նախագիծ իրականացրեց USAID-ի ֆինանսական աջակցությամբ։ Ուսուցիչներն անցել են թրեյնինգներ, որոնք ներառում են աշակերտների հետ աշխատելու և սովորեցնելու նոր մեթոդներ։ Բացահայտվեց, որ Վրաստանում ունենք ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի և աշխարհագրության ուսուցիչների դեֆիցիտ։ Իսկ մեր տարածաշրջանում խնդիրն ավելի խրթին է, առավել ևս գյուղերում»։

Շորենայի խոսքով, խնդիր է նաև այն, որ բարձրագույն կրթության ուղղություն ընտրելիս դիմորդները չեն առաջնորդվում աշխատաշուկայի պահանջարկից:  Դիմորդներն ընտրում են այսպես ասած՝ հեղինակային ֆակուլտետներ, դրանք են՝ բժշկական, իրավաբանական, տնտեսագիտական, անգլերեն։ Մյուս մասնագիտությունների ուղղությամբ վերջին երկու-երեք տարիներին հետաքրքրություն չկա։

Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոն» այցելող երեխաներից Շորենան հետաքրքրվել է՝  թե ինչու են ընտրում այս կամ այն  մասնագիտությունը։ Պարզվել է, որ մասնագիտության ընտրության հարցում երկու գործոն է կարևոր դեր խաղում․ առաջինը՝ ծնողներն են այդպես ուզում, երկրորդը՝ «պրեստիժնի» (հեղինակային) ֆակուլտետ է։

«Մեզանում խնդիր է նաև այն, որ մասնագիտական կրթության հաստատությունները, որոնք գործում են Վրաստանում, օրինակ՝ Սամցխե-Ջավախեթիի ուսումնարանի Ախալքալաքի մասնաճյուղում մենք ունենք այն ֆակուլտետները, որոնք մեր երեխաները չեն ընտրում։ Միակ բաժինը, որտեղ գրանցվում են, հաշվապահությունն է։ Բանն այն է, որ հետազոտություն արված չէ, թե ինչպիսի մասնագիտություններ է հնարավոր ավելացնել այդ ուսումնական հաստատություններում, որպեսզի մենք ունենանք դիմորդներ, ուսանողներ, և հետևաբար՝ աշխատուժ», – ասում է Շորենա Թեթվաձեն։

Վերջինս հավելում է՝ 2017 թվականից հետո ոչ մի հետազոտություն չի կատարվել, պարզելու՝  թե երիտասարդները ինչո՞ւ են ընտրում այս կամ այն մասնագիտությունը։

Արդյունքում երիտասարդների, ովքեր ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատութուններ, մեծ մասը հետ չի վերադառնում, իսկ վերադարձողները տեղում աշխատանք չեն գտնում։

«Մատերի վրա կարելի է հաշվել այն երիտասարդներին, ովքեր վերադարձել են Թբիլիսիից և աշխատանք են գտել տեղում։ Մյուս դեպքերում աշխատանք տեղում չեն գտնում և ստիպված են գնալ արտագնա աշխատանքի և մնում են այնտեղ։ Բժիշկները, IT մասնագետները աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Ունենք երիտասարդներ, ովքեր աշխատում են կամավորներ Ամերիկայի դեսպանատանը։ Թե քանի հոգի է հետ վերադառնալուց հետո աշխատանքի տեղավորվում, հստակ վիճակագրություն չունենք», – ասում է «Մեծահասակների կրթության կենտրոնի» տնօրենը։

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։