Ախալքալաքում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման գրասենյակում տեղի ունեցավ «Ագրոլաբ» նոր լաբորատորիայի շնորհանդեսը, որն իր ծառայությունները մարզերում առաջարկում է շարժական լաբորատորիայի միջոցով։

Հանդիպմանը մասնակցեց մոտ 25 ֆերմեր։ «Ագրոլաբ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին լաբորատորիայի ծառայությունների, ինչպես նաև կարտոֆիլի հիվանդությունների մասին տեղեկատվություն հաղորդեցին:

«Ագրոլաբ» լաբորատորիան բացվել է 2 շաբաթ առաջ: Այսօր Թբիլիսիում և Քութայիսիում կա «Ագրոլաբի» երկու լաբորատորիա, ապագայում նախատեսվում է բացել Ախալցիխեում, ինչպես նաև 6 շարժական լաբորատորիաներ, որոնք կսպասարկեն մարզերին։ «Ագրոլաբ»-ը նախատեսում է ավելացնել դրանց թիվը։ Եթե մեծ պահանջարկ լինի, միգուցե մեկ շարժական լաբորատորիան մնա Ախալքալաքում:

«Մենք հավաքվում ենք այնտեղ, որտեղ ֆերմերների մոտ նկատվում է անհրաժեշտություն՝ մատուցելու մեր ծառայությունը, օգնելու ֆերմերներին ստանալ առողջ, բարձրորակ արտադրանք: Մենք մեր կոնտակտային տվյալները կթողնենք այստեղ, ինչպես նաև մեր ֆեյսբուքյան էջի, կայքի միջոցով, ցանկացած հարցի դեպքում ֆերմերները կարողանան կապ հաստատել մեզ հետ, եթե պետք լինի գալ և անալիզներ վերցնեն, ապա մենք կգանք 1-2 օրից»,- ասում է «Ագրոլաբ» լաբորատորիայի ներկայացուցիչ Մարիամ Ձիձիգուրին:

Կարտոֆիլի դեպքում, այս լաբորատորիայում անալիզ հանձնելիս, ըստ ներկայացուցչի, ծառայությունը ներառում է նաև գյուղատնտեսի հետ խորհրդակցություն, ով կբացատրի, թե որն է խնդիրը և ինչպես պայքարել դրա դեմ, որ պատրաստուկներից օգտվել։

Լաբորատորիան իրականացնում է մինչև 600 անալիզ ինչպես հողի, այնպես էլ տարբեր գյուղատնտեսական մթերքների, այդ թվում՝ ձկնաբուծության, մեղրի, կաթնամթերքի ոլորտներում։ Մարիամ Ձիձիգուրիի խոսքով, այս լաբորատորիայում իրականացվում է հողի գենետիկական անալիզ, որը նախկինում Վրաստանում չի իրականացվել։

Լաբորատորիայի շնորհանդեսը կայացել է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ համատեղ, որը համագործակցում է լաբորատորիայի հետ, և այս համագործակցության շրջանակներում Ասոցիացիայի անդամ ֆերմերներին կտրամադրվեն զեղչեր։ Ախալքալաքի ոչ բոլոր ֆերմերներն են գրանցված Ասոցիացիայում, սակայն շնորհանդեսից հետո հավաքված բոլոր ֆերմերները հարցաշար լրացրեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար:

«Տարբեր ոլորտներում մենք ունենք բազմաթիվ տարբեր գործընկերներ, որոնցից մեկը «Ագրոլաբն» է, որն աննախադեպ առաջարկ է անում ֆերմերներին, այնպիսի անալիզներ է անում, որոնք մինչ այս չեն արվել Վրաստանում։ Օրինակ՝ ձկան, մեղրի անալիզներ։ Մեր համագործակցության շրջանակներում լաբորատորիան որոշակի զեղչեր կառաջարկի Ասոցիացիայի անդամներին»,- ասում է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի գործադիր տնօրեն Թամար Թորիան:

Ախալքալաքի ֆերմերներին հետաքրքրեց այս շնորհանդեսը, նրանք բազմաթիվ հարցեր հղեցին, այդ թվում՝ լաբորատորիան կարո՞ղ է անալիզ անցկացնել օգտագործվող դեղերի ուղղությամբ, քանի՞ օրում կարող է գալ շարժական լաբորատորիան, քանի՞ օրում պատրաստ կլինեն պատասխանները, արդյոք հնարավոր կլինի պատվիրել ծառայությունը ամբողջ գյուղատնտեսական շրջանի կրտվածքով և շատ այլ հարցեր…