Ախալքալաքի Մշակույթի տունը, որը հնարավոր չէ ամբողջությամբ օգտագործել, կվերանորոգվի՞, և որքան ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար։ Ինչ է արվելու տարածքում, որը կառուցման օրվանից հարմար չէր Ախալքալաքի կլիմայական պայմաններին։
Ախալքալաքի Մշակույթի տունը, չնայած իր անվան, չափսերի և գտնվելու վայրի նշանակությանը, օգտագործվում է ծայրահեղ սահմանափակ։ Մեծ համերգասրահը մեծ սառնարան է հիշեցնում, բացառությամբ տարվա 2-3 ամիսների։ Իսկ մնացած տարածքները կամ չեն օգտագործվում, կամ օգտագործվում են, բայց առանց տարրական պայմանների։
2016 թվականի անակնկալներից մեկն այն էր, որ գարնանը Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում 5 մլն 966 հազար լարիի չափով լրացուցիչ հարկային մուտքեր եղան։ 2016 թվականի հուլիսի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի են ունեցել հանրային քննարկումներ «Ինչի՞ վրա ծախսել լրացուցիչ ֆինանսավորում» թեմայով։ Քննարկված պոտենցիալ նախագծերի ցանկում ներառված էր Ախալքալաքի մշակույթի տան շենքի վերականգնման ծրագիրը, որը գտնվում է անմխիթար վիճակում։ Հենց այդ ժամանակ էլ նախատեսվում էր 1 մլն 500 հազար լարի հատկացնել Մշակույթի տան վերականգնման համար, քննարկումների արդյունքում պատգամավորները հաստատել էին 1 մլն 300 հազար լարին։ Սակայն գումարը գնալով ավելի ու ավելի փոքրանում էր, և արդյունքում Ախալքալաքի Մշակույթի տունը իսպառ անհետացավ տեղական իշխանությունների առաջնահերթություններից:
«Դժբախտ» շենքն ի սկզբանե դատապարտված էր: Ավելի քան 40 տարի Ախալքալաքի կլիմայական դաժան պայմաններում անհնար էր ջեռուցել տիպիկ մերձարևադարձային շենքը, իսկ տարիների ընթացքում խարխլված հսկայական շենքի վերանորոգումն ու վերականգնումը տեղական բյուջեի համար անհասանելի էր: Շենքը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ կամ սանհանգույց։ Ամբողջ շենքում սաստիկ ցուրտ է, չնայած այն հանգամանքին, որ շենքում անցկացված է ջեռուցման համակարգ։
Ախալքալաքի մշակույթի տան ողջ շենքն այս տարի նույնպես չի վերանորոգվի։ Պատճառն այն է, որ մունիցիպալիտետի բյուջեն չի կարողանում 5 մլն լարի հատկացնել Մշակույթի տան վերականգնման ծրագրին։ Չնայած դրան, տեղական իշխանությունները խոստանում են գոնե մասամբ կարգի բերել շենքը։
«Կան պլաններ, և մենք մտածում ենք դրա շուրջ, բայց կոնկրետ Մշակույթի տան վերականգնումը կարժենա ավելի քան 5 միլիոն լարի, այս պահին մենք հնարավորություն չունենք 5 միլիոն լարի ծախսել միայն դրա վերականգնման վրա։ Ներսում այնտեղ զուգարանների և տարածքների հետ կապված խնդիրներ կան, կամաց-կամաց կարգի կբերենք, կփոխենք արտաքին տեսքը, պատուհանները, կարգի կբերենք, բայց դեռ չենք կարող խոսել ամբողջությամբ վերանորոգելու մասին»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Մինչդեռ Մշակույթի տանը շատ հազվադեպ են լինում միջոցառումներ, համերգներ կամ մունիցիպալ պարային համույթները, բացի «Ջավախք» համույթից, պարապմունքներն անցկացվում են շենքից դուրս։ Գրադարանը, որը գտնվում է նույն շենքում, նույնպես սարսափելի վիճակում է։ Ճիշտ է, այնտեղ վերանորոգում իրականացրել են, սակայն ջեռուցման, գրքերի համար անհամապատասխան պայմանների խնդիրը դրանով չի լուծվել։